Նիկոլ Փաշինյան. Ես հիմա Հովիկ Աբրահամյանի հետ կանգնեմ՝ Գոռ Քլոյանի հիշատակը հարգե՞մ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լքեց խորհրդարանի դահլիճը, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Երեկ ՀԱԿ խմբակցությունը առաջարկել էր մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում դեպքերի հետևանքով զոհերի հիշատակը: 168.am-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝  արդյո՞ք Մարգարիտ Եսայանի կողմից սա պատասխան քայլ էր, Ն. Փաշինյանը պատասխանեց, թե դահլիճը լքելու իր քայլը պատասխան չէր ՀՀԿ-ական պատգամավորի երեկվա ելույթին:

«Սա պատասխան չէր: Սա կապված չէ այդ կոնկրետ դեպքի հետ: Սա արձանագրում է  այդ փաստի: Ես տվյալ պարագայում նկատի չունեմ մարդու քաղաքական, կուսակցական պատկանելությունը, եթե նախկինում իմ ունեցած ելույթները գտնեք, կտեսնեք, որ ես կոնկրետ մեղադրել եմ դահլիճում ներկա մի քանի մարդկանց Մարտի մեկը կազմակերպելու մեջ: Մարդիկ, որոնց անունները շրջանառվել են այսօր ԱԺ պատգամավորներ են, այդ մարդկանց անունները շրջանառվում են և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու, և այլ բաների մեջ: Այստեղ է ներքին զորքերի նախկին հրամանատարը՝ պատգամավոր է, Հովիկ Աբրահամյանն է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը: Ես հիմա Հովիկ Աբրահամյանի հետ կանգնեմ Գոռ Քլոյանի հիշատակը հարգե՞մ: Ո՞ւմ հետ հարգեմ:

Հրաժարվելով Մարտի մեկի մարդասպանների հետ զոհերի հիշատակը հարգելուց, արդեն հարգում եմ զոհերի հիշատակը: Իմ այդ քայլը բացառապես ուղղված էր դրան»,- նշեց նա՝ ավելացնելով, թե դա իր անձնական ընկալումն է:

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց, որ ինքը 2008թ. Մարտի մեկին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ և ունի նման դիրքորոշմամբ հանդես գալու իրավունք:

Տեսանյութեր

Լրահոս