
Ուկրաինայի նախկին երեք նախագահները Ռուսաստանին մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման ու Վիկտոր Յուշչենկոն Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու մեջ:
Նրանց համատեղ հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանը, ով շարունակ Ուկրաինայի ներքին գործերին «միջամտելու» մեջ մեղադրել է իրենց միջազգային գործընկերներին, այժմ ինքն է սկսել ուղիղ միջամտել Ղրիմի քաղաքական կյանքին:
Ուկրաինայի նախկին նախագահները դատապարտել են ՌԴ Պետդումայի կողմից Ղրիմում Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը:
Նախկին նախագահները վտանգավոր են համարել Ուկրաինայի ֆեդերալացման սցենարները. «Դա ճանապարհ է հարթում քաղաքական ճգնաժամի էսկալացիայի, Ղրիմում քաղաքական թշնամանք հրահրելու և Ուկրաինայի նոր իշխանություններին վարկաբեկելու առջև»: