Քննարկում ԱԺ-ում. Ի՞նչ կապ ունի Տիգրան Սարգսյանի եղբայրը «Նաիրիտի» գործարքի հետ
ԱԺ ՀՅԴ խմբակցությունն Ազգային ժողովին քիչ առաջ ներկայացրեց «Նաիրիտ» ՓԲԸ գործարանի շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, թե գործարանն արտադրում է կաուչուկ, որի արտադրությամբ զբաղվում են խիստ սահմանափակ երկրներ, ուստի Հայաստանը կաուչուկի արտադրության հարցում մրցակցային է ողջ աշխարհում:
Ըստ նրա՝ 2010 թվականից գործարանը դադարեցրել է իր գործունեությունը, և ըստ հրապարակումների՝ կանխամտածված տարվում է դեպի սնանկացում: «Ովքե՞ր են և ի՞նչ ձևով են ազդել այս գործունեության վրա, անգամ քրեական գործի հարուցումն է մերժվել, որի արդյունքում մութ պատմություններ են մնացել, աշխատողներն էլ հայտնվել էլ գործազուրկի կարգավիճակում»,- նշեց նա:
Ըստ նրա՝ «Նաիրիտ»ը փրկվելու շանս չունի, եթե գնա սնանկացման ճանապարհով, ուստի Մինասյանը հորդորեց ստեղծել հանձնաժողովը, ներգրավել փորձագետների, մասնագետների՝ հարցը պարզաբանելու համար:
Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանին հարցեր ուղղեցին պատգամավորները: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե նախագծից պարզ է, որ առաջին վնասը, որը հասցվել է՝ 31 մլ դոլար է կազմել: Զուրաբյանը հետաքրքրվեց, թե բացի այս վնասից՝ էլ ի՞նչ վնաս է հասցվել պետությանը «աֆյորաների» արդյունքում:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաև խնդրեց անդրադառնալ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն առնչություն ունի ամբողջ գործարքի հետ: «Դուք որևէ տվյալ ունե՞ք այս առնչությամբ, ի՞նչ կապ ունի Տիգրան Սարգսյանի եղբայրը և արդյոք կարելի՞ է համարել, որ Կառավարությունը անգործություն է ցուցաբերել, ինչի մասին դուք գրել եք»,- հարցրեց նա:
Ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց, թե իրենց գնահատականներով «Նաիրիտի» հասցված վնասը պետությանը տանատվում է 200-400 մլն դոլարի շևջանակներում: «Ընդ որում, նաև դատական բավարարված հայցեր կան, որոնք վկայում են սրա մասին»,- ասաց դաշնակցական պատգամավորը:
Ինչ վերաբերում է Տ. Սարգսյանի եղբոր առնչությանը «Նաիրիտ» գործարանի հետ, Ա. Մինասյանը նշեց. «Ըստ այն տեղեկատվության, որ կա, նա զբաղեցրել է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը երկար տարիներ, բայց ուղղակի կապ «Նաիրիտին» վնաս պատճառելու հարցում՝ ես այս բարձր ամբիոնից չեմ կարող հաստատել կամ հերքել: Դա ցույց կտա հանձնաժողովը»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հետաքրքվեց, թե հանձնաժողովը քննության առարկա կդարձնի՞ օրերս հրապարակված փաստերը «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ո՞ւմ շահերը հետապնդելու, սպասարկելու համար է «Նաիրիտը» միտումնավոր տարվում սնանկացման:
«Կառավարությունը, իհարկե, անմիջապես սա որակեց հերյուրանք, բայց դուք ուսումնասիրելո՞ւ եք այս փաստերը,- հարցրեց նա, ապա հետաքրքրվեց,- Մենք տեսնում ենք, թե ամեն օր ինչպես են «Նաիրիտի» աշխատողները ցույց անում՝ իրենց աշխատավարձը ստանալու համար: Մինչդեռ մամուլում եղան հրապարակումներ, որ Կառավարության ղեկավարի եղբայրը, ով եղել է «Նաիրիտի» փոխտնօրեն, ինչպես է իրեն պարգևատրել 42 մլն դրամով: Ուսումնասիրվելո՞ւ է, արդյոք, համապատասխանո՞ւմ է սա իրականությանը, թե՞ ոչ, որովհետև, որքան տեղյակ եմ, մինչև հիմա այս տեղեկատվությունը չի հերքվել»:
Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց, թե բոլոր հրապարկումները՝ կապված գործարանի հետ, ուսումնասիրվելու են՝ ոչ միայն հիմնավորվածության, այլև՝ ազդեցության տեսանկյունից: «Ոսումնասիրվելու են նաև պաշտոնատար անձանց գործողությունները: Աշխատակիցների վարձատրությունը հատուկ ուշադրության է արժանանալու»,- պատասխանեց նա:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ՀՅԴ Նիկոլ Աղբալյան շարժման ակտիվիստները և «Նաիրիտի» աշխտակիցները։