Ուկրաինայում չեն կարողանում գտնել Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին պաշտոնական տեղեկատվություն
Коммерсант-Украина թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի իրավապահ գերատեսչություններից ոչ մեկը չի ստանձնել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու պատասխանատվությունը:
Թերթն ընդգծում է, որ երեկ իրավապահ գերատեսչություններից ոչ մեկն էլ չի ստացել Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին պաշտոնական տեղեկատվություն: Բացի այդ, նրանցից ոչ մեկն էլ չի ստանձնել նախկին նախագահի հանդեպ հետախուզում հայտարարելու պատասխանատվությունը:
Մասնավորապես, Պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ որևէ ցուցում չի ստացել այն մասին, որ Յանուկովիչին կամ մեկ այլ նախկին պաշտոնյայի արգելվել է լքել Ուկրաինայի տարածքը, իսկ հետախուզում հայտարարելու մասին բոլոր հայտարարությունները հնչել են միայն համացանցում:
Արսեն Ավակովը, որին Ուկրաինայի խորհրդարանը ժամանակավորապես նշանակել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար, ավելի վաղ Facebook-ի իր էջում գրել էր, որ Յանուկովիչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Սակայն Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում դա հաստատող պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա: