
Իրանը Թուրքիայի համար չի նվազեցնի գազի գինը

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Համիդ Ռեզա Արագին հայտարարել է, որ գազի գնի նվազեցման վերաբերյալ Թուրքիայի խնդրանքն անընդունելի է:
Մեկնաբանելով տվյալ հարցով Թուրքիայի կողմից Միջազգային միջնորդ դատարան դիմելը՝ Արագին ընդգծել է, որ Իրանը կընդունի տվյալ հարցում վերջինիս կայացրած որոշումը: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ տվյալ դատարանում ցայժմ չի ապացուցվել Թուրքիայի դժգոհությունների հիմնավորվածությունը, իսկ վճռի հրապարակումը կարող է տևել 3-6 ամիս:
Անդրադառնալով Թուրքիայի այն դժգոհությանը, թե իրանական գազի մատակարարումները կայուն չեն՝ Արագին հայտարարել է, որ ներկայումս մեկ միլիարդ դոլար է ներդրվել խողովակաշարի թողունակության մեծացման համար, որպեսզի ապահովվի գազի կայուն մատակարարումը Թուրքիային: Նա հավելել է, որ Իրանը Թուրքիային ամբողջովին կապահովվի գազով, իսկ միջազգային դատարանում Թուրքիայի ջանքերը որևէ արդյունք չեն տա:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Իրանը պայման է ներկայացրել Թուրքիային` գազի գնի նվազեցման համար: