Բաժիններ՝

Իրանը պայման է ներկայացրել Թուրքիային` գազի գնի նվազեցման համար

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանգանեն հայտնել է այն պայմանը, թե որ դեպքում Իրանը կնվազեցնի Թուրքիային մատակարարվող գազի գինը.

«Մենք պատրաստ ենք նվազեցնել Թուրքիային մատակարարվող գազի գինը` պայմանով, որ Թուրքիան մեծացնի Իրանից գազի ներկրումը: Գազի շուկայում Թուրքիայի մասնաբաժինը մեծ նշանակություն ունի Իրանի համար»:

2012 թվականի մարտին Թուրքիան իրանական գազի գնի նվազեցման հարցով դիմել էր Միջազգային միջնորդ դատարան: 1996 թվականին երկու երկրների միջև կնքված գազային պայմանագրով Թուրքիան պարտավորվել է տարեկան գնել 10 միլիարդ խորանարդ մետր իրանական գազ: Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի խոսքերով` 2013 թվականին Թուրքիան Իրանից գնել է 4.5 միլիարդ խորանարդ մետր գազ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին թուրքական մամուլը գրեց, որ Թուրքիան գազն ամենաթանկ գնով գնում է Իրանից, իսկ ամենաէժան գնով՝ Ադրբեջանից: Թուրքիան հազար խորանարդ մետր գազի համար Ադրբեջանին վճարում է 335 դոլար, մինչդեռ նույն քանակի գազի համար նա Իրանին վճարում է 490 դոլար: Ռուսական գազի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 425 դոլար: Ի դեպ, Իրանը ներկայումս մտադիր է իր գազը Թուրքիայի տարածքով արտահանել Եվրոպա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս