
Իտալիայի խորհրդարանի Սենատը վստահություն է հայտնել Ռենցիի կառավարությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի խորհրդարանի Սենատը գիշերը վստահություն է հայտնել երկրի կոալիցիոն կառավարությանը, որը փետրվարի 21-ին ձևավորել է Դեմոկրատական կուսակցության 39-ամյա առաջնորդ Մատեո Ռենցին:
Կառավարության նոր կազմին աջակցություն է հայտնել խորհրդարանի վերին պալատի 169 անդամ, իսկ դեմ՝ 139 սենատոր: Իտալիայի նոր կառավարությունը ձևավորվել է 4 քաղաքական կուսակցության ներկայացուցիչներից (Դեմոկրատական կուսակցություն, Նոր աջ ուժեր, Քաղաքացիական ընտրություն և Կենտրոնի միություն), որոնց պատգամավորներն էլ ապահովել են Սենատի կողմից վստահություն հայտնելը:
Տեղի վերլուծաբաններն ընդգծում են, որ կուսակցական նման աջակցության պայմաններում Ռենցիի կառավարությունը որևէ խնդիր չի ունենա Պատգամավորների պալատում վստահություն ստանալու հարցում, ուր այդ հարցի քննարկումը կայանալու է այսօր: