ՄԻՊ խորհրդական. Հրաչյա Հարությունյանի տեղափոխումը հնարավոր է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեպքում
Մոսկվայում ձերբակալված Հրաչյա Հարությունյանի հարազատներն օրերս լրատվամիջոնցներին հայնտել էին, որ մինչև մայիս ամիսը Հ. Հարությունյանը Հայաստանում կլինի: Նրանք հայտնել էին, որ պայմանավորվածություն կա Ռուսաստանի ներքին գործերի նախարարության, դատախազության հետ, որ դատավճռից հետո նրան կտեղափոխեն Հայաստան և նա այստեղ կկրի պատիժը:
168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցն ասաց, որ նման պաշտոնական տեղեկատվություն չկա. «Հրաչյա Հարությունյանի տեղափոխումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ լինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը, չեմ կարծում, որ կլինի մայիսին՝ նկատի ունենալով, որ հիմնական դատական նիստը դեռևս նշանակված չէ և անգամ չի եղել առաջին հիմնական դատական լսումը և դեռևս այն նշանակված չէ: Դրա համար մայիս ամիսը մի փոքր վաղ ժամկետ է»:
Երանուհի Թումանյանցն ասաց նաև, որ մարտի 14-ին նշանակված դատական նիստում, որի մասին խոսել էին Հրաչյա Հարությունյանի հարազատները, քննվելու է կալանքի երկարացման հարցը: ՄԻՊ խորհրդականի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե երբ կլինի գործով հիմնական դատական նիստը:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Հրաչյա Հարությունյանին խալաթով դատարան բերած ոստիկանները պատժվել են, Երանուհի Թումանյանցն ասաց, որ այդ կապակցությամբ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դիմել էր Մոսկվայի դատարան, սակայն նրա դիմումը մերժվել է՝ նկատի ունենալով, «որ դա այնպիսի իրավունք է, որը Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում չի տեղավորվում».
«Այս կապակցությամբ փաստաբանը դիմել է Պետդումա՝ պառլամենտի համապատասխան հանձնաժողով, որպեսզի օրենսդրական կարգավորում տրվի տվյալ հարցին՝ հետագայում նմանատիպ խնդիրները բացառելու նպատակով»: