
«Մայդանի» խորհուրդը նախապայման է ներկայացրել իշխանության ու ընդդիմության միջև համաձայնագրի ստորագրման համար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Մայդանի» խորհուրդը հավանության է արժանացրել իշխանության ու ընդդիմության միջև համաձայնագրի ստորագրումը, սակայն պայմանով, որ նոր կառավարությունում չլինեն ներքին գործերի ներկայիս նախարար Վիտալի Զախարչենկոն և ներկայիս գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան:
Այս մասին այսօր Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը: Դրա հետ մեկտեղ Տյագնիբոկն ընդգծել է, որ այդ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնացը հրաժարվել է ստորագրել այդ համաձայնագիրը:
Համաձայնագրով նախատեսվում է վերադարձ կատարել 2004 թվականի Սահմանադրությանը, որը հաստատում է երկրի ղեկավարման խորհրդարանական-նախագահական համակարգ, ինչպես նաև վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացում:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն իսկ հայտարարել է նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու և 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու իր պատրաստակամության մասին: