Հրայր Թովմասյան. Եթե, ասենք, մարդ սպանելու համար հանկարծ պատասխանատվություն չլինի, գնալու եք՝ մարդ սպանե՞լ
«Բոլորս՝ և´ Արդարադատության նախարարը, և´ դատական կորպուսը, և՛ դատախազությունը իրենց գործունեության ընթացքում բախվում են խնդիրների հետ, որոնք ուղղակիորեն կապված են եվրոպական կոնվենցիայի կա՛մ մեկնաբանության, կա՛մ դատական նախադեպերի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի մեկնարկի ընթացքում:
«Ես փորձեցի իմ նշանակվելուց հետո նախարարությունում ստեղծել փոքրիկ փորձագիտական խումբ, որոնք պետք է աջակցեին, բայց պարզ էր, և այդ փոքրիկ խումբը հենց եկավ հաստատելու, որ ի վիճակի չէ, ավելի մեծ ռեսուրսներ են պետք, և պետք է ինստիտուցիոնալ կարողություններ ձևավորել, որպեսզի և´ դատավորներին և´ փաստաբաններին, և´ դատախազությանը, և´ նախարարությանը մատակարեն այդ վերլուծությունները, թե այս պարագայում ինչպիսի մոտեցումներ, ինչպիսի լուծումներ կան»,- ասաց նա:
Հրայր Թովմասյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում կստեղծվի խումբ, որը ոչ միայն կվերլուծի և կներկայացնի Հայաստանի, այլև այլ երկրների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները, որոնք կարող են նախադեպային նշանակություն ունենալ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրի արդյունավետ աշխատանքի պարագայում Հայաստանի դեմ կայացվող որոշումները էականորեն կփոքրանան»,- ասաց նախարարը:
Լրագրողները Արդարադատության նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք նման ծրագրերի ներդրումը նշանակու՞մ է, որ Հայաստանում ՄԻԵԴ նախադեպային որոշումների կիրառման լուրջ խնդիր կա. «Լուրջ ածականը կհանեի, բայց կասեի, որ խնդիրներ կան: Մենք չենք թաքցնում այդ խնդիրները և նման ծրագրերը հենց գալիս են այդ խնդիրները լուծելու: Այդ խնդիրները ոչ միայն Հայաստանում են, այդ խնդիրները բոլոր տեղերում են»:
Լրագրողները Հրայր Թովմասյանին հարցեր ուղղեցին նաև «Կուտակային կենսաթաշակային մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մասին և գործատուների այն մտահոգության մասին, որ կենսաթոշակային պահումները չանելու դեպքում կարող են հետագայում դատարանում հայտնվել:
Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանն ասաց, որ չի կարող երկու օր առաջ ֆինանսների նախարարի հայտարարությանն ինչ-որ բան ավելացնել: Հարցին՝ եթե ՍԴ-ն նշել է, որ գործատուները փոխանցում չկատարելու համար պատասխանավության չեն ենթարկվելու, այդ դեպքում ինչպե՞ս պետք է գործատուն իրացնի իր այդ հնարավորությունը, նա պատասխանեց. «Իսկ ի՞նչ եք կարծում, ամեն ինչի համար, եթե պատասխանատվություն չլինի, կարելի՞ է անել: Եթե, ասենք, մարդ սպանելու համար հանկարծ պատասխանատվություն չլինի, գնալու եք՝ մարդ սպանե՞լ»: Նաև հավելեց, թե չի մեկնաբանելու Սահմանադրական դատարանի որոշումը: