ԱՄՆ-ում 80 քաղաքական գործիչ Օբամային կոչ է արել միջամտել Թուրքիայի ներքին գործերին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում մի խումբ քաղաքական գործիչներ նամակ են հղել երկրի նախագահ Բարաք Օբամային, որում կոչ են արել միջամտել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած կառավարության գործերին:

80 մարդուց բաղկացած այդ խմբում մեծամասնություն են կազմում նեոկոնները, նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել նաև Մայքլ Ռուբինն ու Անկարայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էրիկ Էդելմանը: Նրանք Օբամային կոչ են արել միջամտել Թուրքիայի ներքին գործերին՝ դեմ հանդես գալով Էրդողանի կառավարման ոճին:

Նամակում Օբամայի ուշադրությունը հրավիրվում է նախորդ տարի «Գեզի» այգու համար Թուրքիայում անցկացված բողոքի զանգվածային ակցիաներին ու դեկտեմբերի 17-ին իրականացված հակակոռուպցիոն գործողությանը Էրդողանի ձեռնարկած հակաքայլերին:

Նրանք ընդգծել են, որ Թուրքիան ոչ հրաշալի ժողովրդավարությունից վերածվում է ավատորիտար երկրի: Իրենց նամակում ամերիկացի քաղաքական գործիչները խստապես դատապարտել են Էրդողանի ու Թուրքիայի կառավարության գործողությունները:

Հիշեցնենք, որ Օբաման ու Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, ինչը հանդիսացել է աննախադեպ իրադարձություն վերջին 6 ամիս և 10 օրվա համար: Դրանից առաջ լուրեր էին շրջանառվում, որ «Գեզի» այգու դեպքերից հետո Օբաման չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին:

Ի դեպ, կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերին, ամերիկյան մշակում է, և դրա հեղինակը հանրահայտ նեոկոն Փոլ Վուլֆովիցն է։

Տեսանյութեր

Լրահոս