Հրայր Թովմասյանը՝ ոչ իշխանական ուժերին. «Ղալաթ են անում»
Կառավարության ներկայացուցիչները հավաստիացնում են` մտահոգված չեն ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հնարավոր նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցn ԱԺ-ին ներկայացնելու տարբերակը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, լսելով մեր այն հարցը, թե ոչ իշխանական չորս ուժերը կառավարության հրաժարականն են պահանջելու, հեգնանքով արձագանքեց. «Ղալաթ են անում»:
Հարցին, թե` Ձեզ չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ կառավարության աշխատանքից դժգոհում են, Հ. Թովմասյանը պատասխանեց, թե չկա աշխարհում մի կառավարություն, որից դժգոհ չլինեն: «Աշխարհում չկա մի կառավարություն, որից դժգոհ չլինեն, իսկ եթե կա, այ հենց նման կառավարությանը պետք է անվստահություն հայտնել: Այն բարեփոխումները, որոնք կատարվում են, դրանք տևական ժամանակում են տալու իրենց արդյունքները: Էն չուկչայի օրը չպետք է ընկնել, որ կարտոֆիլը ցանում ա, հաջորդ օրը քանդում ա: Պետք է սպասես` մինչև կարտոֆիլը բերք տա: Դժգոհություններ կան` խնդրեմ` պատրաստ ենք լսելու և ամեն օր ենք լսում, դրանց պատասխանում ենք»,- նշեց նա: Թովմասյանի համոզմամբ` կառավարության աշխատանքից կարող են և գոհ լինել, և գոհ չլինել, բայց այն, որ պետք է համակերպվեն` այլընտրանք չունի:
«Պիտի համակերպվեն, որ այսօրվա կառավարությունն ԱԺ-ում մեծամասնություն ունի, ուստի մնացած քայլերը… »,- հիշեցրեց նա: Նախարարը շեշտեց, թե նման նախաձեռնությամբ հանդես գալը «ժամանակի ավելորդ կորուստ» է, որը կարելի էր հատկացնել ավելի հրատապ, ավելի կարևոր օրինագծերի քննարկմանը: Նրա համոզմամբ` ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունն առիթ է` ևս մեկ անգամ «էկրանին հայտնվելու» և հասարակությանը լարվածության մեջ պահելու համար:
«Իրենց համար էլ է պարզ, որ որևէ արդյունքի չեն հասնի, բայց պիտի անպայման փորձեն ինչ-որ լարվածություն ստեղծել, դա պահել, հասարակությանն ասել` տեսեք, նման խնդիրներ կան, առիթն օգտագործել, մեկ անգամ ևս հայտնվել էկրանին, միկրոֆոնի մոտ»,- ասաց արդարադատության նախարարը` հավելելով, որ, եթե «ազնիվ ենք, ուզում ենք լուծել երկրում առկա խնդիրները, նման բաներով չպետք է զբաղվենք»:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում նա ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, ինչին ի պատասխան` նախարարն ասաց. «Դա չորս ուժերի իրավունքն է»: Մեր դիտարկմանը, թե` ձեր հրաժարականն են պահանջում, դժգոհ են կառավարության աշխատանքից, Ավանեսյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ անեմգ»: Հարցին, թե` չե՞ք մտահոգվում կամ անհանգստանում այս առնչությամբ, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ»:
Ի դեպ, Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ է կառավարությունը շարունակում քաղաքացիների կամքին հակառակ` պարտադրել նրանց ենթարկվել կուտակային կենսաթոշակային համակարգին, այն դեպքում, երբ հանրության 80 տոկոսը, ինչպես հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դեմ է կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրմանը: «Ես կարող եմ հետևյալն ասել` հանրապետության նախագահը մանրամասն, հանգամանալից ներկայացրել է խնդիրը: Նման տեսակի բոլոր բարեփոխումները հաճախ ունենում են լուրջ անցնելու ճանապարհ, լինում են անպայման փորձեր` ներկայացնելու բարեփոխումները վատ տեսքով: Բայց եթե այդ բարեփոխումներին չլինի շատ լուրջ կամք, ապա դրանք կարող են իսկապես պրավալի ենթարկվել: Էդպես չի լինում, որ բարեփոխումից դժգոհողներ չլինեն, դա բացառվում է»,- պատասխանեց Վահրամ Ավանեսյանը:
Ի պատասխան մեր դիտարկմանը, թե` չե՞ք կարծում, որ 80 տոկոսը մեծ թիվ է, նախարարն ուշագրավ հայտարարություն արեց, ըստ էության, կասկածի տակ դնելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Ես չգիտեմ, այդ 80 տոկոսիգ իրականում չգիտեմ` այդ 80 տոկոսը դժգո՞հ է»: Ապա Ավանեսյանը նշեց, թե տվյալ դեպքում բարեփոխումների հիմնարար, լրջագույն պրոբլեմներից մեկն այն է, որ կատարվում է մի բան, որ այսօրվա սպառման փոխարեն` առաջարկվում է ապագայի սպառում: