Վարդան Պետրոսյանի գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
168.am-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանի գործը երեկ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: «Երեկվա դրությամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել և ուղարկել է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ (ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մաս):
2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-երևան ավտոճանապարհին բախվել էին «BMW» և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները: Ավտովթարի արդյունքում Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին, Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Վ. Պետրոսյանը կալանավորված է: