
Թուրքիայի զինված ուժերից հեռացել է 74 օդաչու

Թուրքական Son Dakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը լքել է 74 օդաչու: Դա տեղի է ունեցել նախքան նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից զինծառայության մասին օրենքում կատարված փոփոխությունների հաստատումը: Հրաժարական տալու վերջնաժամկետը լրանում է փետրվարի վերջին, ինչի համար էլ օդաչուները շտապել են հեռանալ ռազմաօդային ուժերից:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանն ընդունել էր զինծառայության մեջ փոփոխություններ կատարել ենթադրող օրենքը, որում խոսք էր գնում նաև Թուրքիայի զինված ուժերում ծառայող օդաչուների համար զինծառայության ժամկետի երկարաձգման մասին:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը սրանից առաջ հայտարարել էր, որ 2013 թվականին սեփական կամքով զինված ուժերից հեռացել է 110 օդաչու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե երկու տարում (2012-2013 թվականներ) Թուրքիայի զինված ուժերը լքել է 291 օդաչու: