Արամ Սարգսյան. Այդ 80 տոկոսը վաճառելու ժամանակ Սերժ Սարգսյանը ի՞նչ է` «Տաշիր պիցայում» էր աշխատում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության համագումարում խոսելով երկրի տնտեսությունից, պարտադիր կուտակային համակարգից, գազային մեծ աղմուկ բարձրացրած պայմանագրերից, արտագաղթից, ազատամարտիկների բողոքի ցույցերից, հայտարարեց. «Ամեն ինչ լավ է լինելու»:

168.am-ը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե հավատո՞ւմ է Ս. Սարգսյանի այս խոստմանը: Ի պատասխան Արամ Սարգսյանն ասաց, թե նախագահի պատասխանները վերոնշյալ հարցերի շուրջ ոչ թե պարզություն են մտցրել, այլ՝ խճճել իրեն:

«Այն հարցերի պատասխանները, որոնք ինքը տվեց, դրանցով ոչ թե չպարզեց դրանք, այլ՝ ավելի խճճեց և, իմ համոզմամբ, ցույց տվեց, որ նա բացարձակապես պատրաստ չէ անդրադառնալ այդ հարցերին: Իրենց ասած որևէ խոսքի ես չեմ հավատում, որովհետև հենց նույն Սերժ Սարգսյանը խոսում է ժողովրդավարությունից, ընտրություններից առաջ ասում է, թե Հայաստանի նման պետության փրկությունը ժողովրդավարական իշխանություններ ձևավորելու մեջ է, ժողովրդավարության միջոցով այս տարածաշրջանում առաջ ընթանալն է, բայց ընտրությունների ժամանակ փող է բաժանում, կեղծում է ընտրությունները, կեղծիքով իշխանության է գալիս»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի հայտարարությանը, թե ռուսական կողմը պահանջեց միայն 300 միլիոն դոլարի պարտքի կեսը, ինչի փոխարեն «Գազպրոմ»-ին փոխանցվեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի վերջին 20 տոկոսը՝ նշելով, թե այդ 20 տոկոսը մեզ համար ոչ մի էական նշանակություն չուներ, Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց.

Կարդացեք նաև

«Սերժ Սարգսյանն այսօր զարմանում է, թե՝ ինչու եք «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքից խոսում, չեք խոսում 80 տոկոսից, խոսում եք 20 տոկոսից: Այդ 80 տոկոսը վաճառելու ժամանակ Սերժ Սարգսյանը ի՞նչ է` «Տաշիր պիցայում» էր աշխատում: Ինչպե՞ս կարող եմ հավատալ նրա խոսքին: Ոչ միայն չեմ հավատում, այլև՝ չեմ վստահում»:

Արամ Սարգսյանի հետ ամբողջական հարցազրուցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս