
Internet Explorer-10 –ի թերությունները հաքերներին օգնել են գրոհել ամերիկյան կայքերը

Internet Explorer-ի վերջին տարբերակի թերություններն օգտագործելով` հաքերներին հաջողվել է գրոհել ամերիկյան մի շարք կայքեր, այդ թվում` ամերիկացի վետերանների կայքը:
Տեղեկատվության անվտանգության հարցերում մասնագիտացած FireEye Inc ընկերության մասնագետները նշել են, որ չարագործների նպատակը, ամենայն հավանականությամբ, ամերիկացի նախկին եւ ներկա զինվորականների վերաբերյալ անհատական տվյալների ձեռքբերումն է եղել:
Microsoft-ի ներկայացուցիչները խոստացել են, որ ընկերությունը հետաքննություն կիրականացնի գրոհների կապակցությամբ եւ անպայման միջոցներ կձեռնարկվեն օգտատերերի անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ:
Փորձագետները կարծում են, որ վեբ- բրաուզերների թերությունները չարագործների ձեռքում վտանգավոր զենք կարող են լինել: Նրանք, ովքեր հայտնաբերում են ծրագիրը խոցելի դարձնող թերությունները, դրանք վաճառում են սեւ շուկայում հազարավոր դոլարներով: Հիմնական գնորդներն օտարերկյա հետախուզությունների աշխատակիցներն են կամ տարբեր հանցավոր խմբավորումները: