Բաժիններ՝

«Արդարություն փնտրող մարդը պատրաստ է վաճառել իր վերջին ծակ նասկիներն ու երկրից հեռանալ»

ՀՀ ոստիկանությունը կրկին արձագանքել է Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի բնակիչ Ա. Շաղոյանի վերաբերյալ մեր նախորդ հրապարակմանը, որտեղ ներկայացրել էինք ինչպես` Ոստիկանության պաշտոնական պարզաբանումը, այնպես էլ՝ Ա. Շաղոյանի մեկնաբանությունն այդ պարզաբանման կապակցությամբ: Հիշեցնենք, որ հրապարակման հետգրությամբ կասկած էինք հայտնել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության գոյության վերաբերյալ, ինչին ի պատասխան` օրեր առաջ կրկին ստացել ենք Ոստիկանության` ստորև ներկայացրած գրությունը:

Մինչդեռ, Ոստիկանության նախորդ պարզաբանմանը, թե՝ Ա. Շաղոյանը Դատաբժշկական փորձաքննության է ներկայացել հունվարի 27-ին, ի պատասխան՝ վերջինս հավաստիացնում է, որ հունվարի 27-ին ինքը առհասարակ Երևան քաղաքում չի եղել: Ոստիկանությունից ստացված երկու գրությունները համադրելու արդյունքում նկատեցինք ուշագրավ հակասություն. Նախորդ գրությամբ տեղեկացվում է, որ Ա. Շաղոյանը հունվարի 27-ին է ներկայացել Դատաբժշկական փորձաքննության: Մինչդեռ, այս գրությամբ էլ ասվում է, որ նա ներկայացել է հունվարի 14-ին, այնպես որ՝ վատ չէր լինի, որ գործը վարող քննիչը կողմնորոշվեր ժամանակագրության հարցում:

Եվ վերջապես, չենք կարող չնշել, որ նույն քննիչը միայն երկու օր առաջ՝ փետրվարի 13-ին, զանգահարելով Ա. Շաղոյանին` տեղեկացրել է, որ փետրվարի
14-ին նշանակվել է հանձաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որին, բնականաբար, երեկ ներկայացել է Ա. Շաղոյանը, և դատելով վերջինիս պատմածից` դա փորձաքննություն որակելը խիստ հարաբերական է:

Երեկ մենք, այնուամենայնիվ, զանգահարեցինք Ոստիկանության Հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժին, որտեղից այս հակասությանն ի պատասխան` ասացին, որ վերոնշյալ օրերին Ա. Շաղոյանը ներկայացել է Դատաբժշկական փորձաքննության, այլ հարց է, թե՝ այն կատարվե՞լ է, ինչը Ոստիկանության գործառույթների մեջ չի մտնում: Մենք փոխանցեցինք Ա. Շաղոյանի այն պնդումը, որ նա հունվարի 27-ին առհասարակ Երևանում չի եղել, հետևաբար` գուցե քննիչն ի՞նքն է ոչ արժանահավատ թվեր ներկայացնում: Ի պատասխան` հնչեց. «Կարող ա»:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, Ոստիկանությանն առաջարկում ենք Ա. Շաղոյանի ներկայացրած փաստարկներին ուշի ուշով հետևել, քանի որ վերջինս Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում եղել է ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ ոչ թե քննիչի ուղղորդմամբ, այլ իր նախաձեռնությամբ, որով փորձել է հասկանալ, թե վերջապես ե՞րբ պետք է կատարեն փորձաքննությունը: Իսկ Ոստիկանության ներկայացրած` հունվարի 27-ին ներկայանալու վարկածը նա հերքում է՝ միանշանակ պնդելով, որ անգամ քաղաք մուտք չի գործել այդ օրը:

Պարզաբանում
«168 Ժամ» թերթի փետրվարի 13-14, թիվ 13 (1055) համարում հրապարակված «Հիմա ո՞վ է ստում, քաղաքացի՞ն, թե՞…» վերտառությամբ հոդվածում հեղինակը ներկայացնում է թերթի նախորդ համարում հրապարակված Ավետիք Շաղոյանի դժգոհության վերաբերյալ մեր սպառիչ պարզաբանումը, սակայն հետգրությամբ, չգիտես ինչու, հարց է բարձրացնում` «հիմա ո՞վ է ստում…»։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Ա. Շաղոյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 13.12.2013 թ. նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ինչի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնին։ Ըստ հրապարակման` Ա. Շաղոյանը պնդում է, որ երկու քննիչներից և ոչ մեկը իրեն չի ուղարկել դատաբժշկական փորձաքննության, այն դեպքում, երբ 13.01.2014 թ. քննչական բաժին ստացվել է դատաբժիշկ-փորձագետի միջնորդությունը` Ա. Շաղոյանի ներկայությունը դատաբժշկական փորձաքննության ապահովելու համար, ինչը հաջորդ օրը կատարվել է։ 24.01.2014 թ. ստացվել է դատաբժիշկ-փորձագետի միջնորդությունը Ա. Շաղոյանի մինչվիրահատական և ետվիրահատական ժամանակահատվածների ռենտգեն հետազոտության ժապավենները ներկայացնելու վերաբերյալ, որոնք Ա. Շաղոյանը նախաքննության մարմնին է տրամադրել փետրվարի 11-ին և նույն օրը դրանք փոխանցվել են փորձագետին։ Թվարկված փաստերը գուցե կօգնեն գտնել նրա բարձրացրած հարցի պատասխանը։ Իսկ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

«Զոռբա, փնթի, անգրագետ, անդաստիարակ մարդիկ Հայաստանի բոլոր ոլորտներում են»

Ա. Շաղոյանը, կրկին պնդելով, որ Ոստիկանության հերթական պարզաբանումն ընդամենը չհեղինակազրկվելու փորձ է և իրականության հետ որևէ աղերս չունի, վստահեցնում է, որ փետրվարի 13-ին զանգահարել է քննիչը և տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին նա հրավիրվում է հանձնաժողովային Դատաժշկական փորձաքննության: Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից Գագիկ Հարությունյան անուն-ազգանունով ներկայացուցիչը դիմավորելով Ա. Շաղոյանին` իր մեքենայով տարել է հանրապետության գլխավոր օրթոպեդ Վաչագան Այվազյանի մոտ:

«Հարցիս, թե՝ ո՞ւր է ստեղծված հանձնաժողովը, որի համար խոստացել էիք մինչև փետրվարի 10-ը ստեղծելուց հետո ինձ հրավիրել, նա ասաց՝ մասնագետները երկուսն են՝ հանրապետության գլխավոր օրթոպեդն է, որն Օրթոպեդիկ հիվանդանոցում է, ու «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում՝ հանրապետության գլխավոր նյարդաբանը: Գնացինք գլխավոր օրթոպեդ Վ. Այվազյանի մոտ, ով նայեց ռենտգեն ժապավեններն ու ասաց՝ վիրահատությունը շատ լավ է կատարվել:

Ընդ որում՝ առանց ոտքիս նայելու, առանց շոշափելու և այլն, մարդը գալիս է եզրահանգման, որ ամեն ինչ շատ լավ է կատարվել, այն դեպքում, երբ ունեի նորմալ ծալվող ոտնաթաթ, իսկ հիմա՝ անշարժացած, չծալվող, սոսկալի ցավող ոտնաթաթ»,- ասում է Ա. Շաղոյանը՝ վստահ հայտարարելով, որ նախապես բժշկի շահերը պաշտպանելու տրամադրվածությունը հնարավոր չէր չնկատել: Ի դեպ, ըստ Ա. Շաղոյանի՝ փորձաքննություն կատարող մասնագետը վիրահատությունից հետո կաղացող մարդուց չի պահանջել անգամ քայլ կատարել՝ տեսնելու համար նրա ձախ ոտնաթաթի շարժունակությունը: Այնուամենայնիվ, վերջինս հավաստիացնում է, որ մասնագետի վարքագիծը վկայել է, որ նա արդեն նախապաշարված է եղել գործընկերոջ սխալը կոծկելու պատրաստակամությամբ, իսկ քաղաքացու շահը նրա համար երրորդական կարևորության մի բան է:

Գլխավոր օրթոպեդն, այդուհանդերձ, տեղեկացրել է, որ մասնագիտական եզրակացությունը գրավոր կտրամադրվի հաջորդ շաբաթ: Ինչևէ, այնուհետև Դատաբժշկական փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչն Ա. Շաղոյանին ուղեկցել է «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն՝ հանրապետության գլխավոր նյարդաբանի մոտ ստուգման: «Պրն Հովհաննիսյանն էլ սկսեց հարցեր տալ նյարդային համակարգի հետ կապված, որից հետո ասաց, որ եզրակացությունը կտա հաջորդ շաբաթ: Կա ընդհանուր միտում՝ պահելու, պաշտպանելու իրենց գործընկերոջ սխալը: Ամբողջ ճանապարհին չկարողացա թաքցնել վրդովմունքս:

Ասում էի՝ պրն Հարությունյան, կա փաստերին հակառակ տրամադրվածություն: Նա ասաց՝ ես ոչինչ անել չեմ կարող, ես կատարող եմ»,- կատարվածը ներկայացնում է Ա. Շաղոյանը՝ զարմանք հայտնելով այն բանի համար, որ, փաստորեն, հանձնաժողովը բաղկացած էր ընդամենը երկու մասնագետներից, որոնք անգամ Ոստիկանությունում բժշկի դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացու ոտքը տեսնելու նպատակահարմարությունն ավելորդ են համարել:

«Հասկանո՞ւմ եք, ինձ նման արդարություն փնտրող մարդիկ` հայաստանյան իրականությունից հիասթափված, պարզապես արդեն պատրաստ են իրենց ծակ նասկիները վաճառել և հեռանալ իրենց հարազատ երկրից, տնից, տեղից, որովհետև այսօր մթնոլորտն ահավոր հիասթափեցնող է,- ասում է կատարվածից խորապես հուսահատ ՀՀ քաղաքացին: -Երբ կորցնում ես քայլելու առաջվա քո ընդունակությունը, դառնում ես ուրիշ մեկը, ով կորցրել է աշխատելու ունակությունը և շատ այլ բաներ՝ կյանքին նայում ես հիասթափված մարդու աչքերով: Եվ այս ամենում ինձ վիրահատած բժիշկների մեղքը չտեսնելը…»:

ՀՀ նախագահի Աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին նամակներով դիմած Ա. Շաղոյանը դեռևս հավատում է, որ նրանք կփորձեն միջամտել այս անարդարությանը:

«Հասկանո՞ւմ եք, եթե ապրում ես մի երկրում, որտեղ դու ծնվել-մեծացել ես, որտեղ քո հարազատներն են, և դու մի խումբ մարդկանց պատճառով պիտի ստիպված հայրենիքդ լքես, դա շատ մեծ ցավ է պատճառում հոգուս: Ո՞րն է մեր ապագանգ Ես ընկերներ եմ ունեցել, որոնք շատ մեծ աշխատավարձեր են ստացել, բայց լքել են երկիրը, որովհետև այստեղ քաղաքացին ամեն օր, առավոտից իրիկուն խաբվում է նախագահի, նախարարների, մեծերի կողմից, նրանց ընդունած ոչ բարենպաստ օրենքներն ազդում են քո կյանքի վրա»,- ասում է նա՝ կրկին հիշատակելով Ոստիկանապետի բնորոշած՝ զոռբա, անգրագետ, փնթի, անդաստիարակ ոստիկանների մասին հայտարարությունը, սակայն հավելելով, որ վերոնշյալ որակներով «մասնագետները» զբաղեցնում են Հայաստանի բոլոր ոլորտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս