Անի Գևորգյանն այսօր ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության
Լրագրող Անի Գևորգյանն այսօր Հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հաղորդում՝ հանցագործության մասին: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում մի խումբ ոստիկաններ խոչընդոտել են «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թղթակից Անի Գևորգյանի գործունեությանը՝ բերման ենթարկելով նրան ոստիկանության բաժին, որտեղ նրան ապտակել էին և վերցրել տեսախցիկի հիշողության քարտերը: Լրագրողը հենց երեք դրվագներով էլ հաղորդում է ներկայացրել:
«Հաղորդումը վերաբերում է Մաշտոցի պողոտայում իմ նկատմամբ տեղի ունեցած բռնությանը, այն փաստին, որ ոստիկանության բաժնում ոստիկանուհին ինձնից խլեց տեսախցիկի հիշողության քարտը, և ոստիկանության կենտրոնի բաժնի պետի կողմից իմ դեմքին հարվածելու դրվագին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Անին տեղեկացրեց, որ այսօր պետք է այդ միջադեպի կապակցությամբ ՀՔԾ-ում բացատրություն տար, բայց իր փաստաբանի բացակայության պատճառով խնդրել է տեղափոխել այն երկուշաբթի օրը:
«Երկուշաբթի օրը առավոտյան պետք է գնամ ՀՔԾ ու մանրամասն ներկայացնեմ՝ ինչ է տեղի ունեցել այդ օրը»,- նշեց նա: Անիի խոսքով՝ ինքն այսօր արդեն այցելել է դատաբժշկական փորձաքննության: «Մասնագետն արձանագրեց իմ ձեռքի վրայի վնասվածքները»,- ասաց նա: