Արմեն Մարտիրոսյանը՝ Սերժ Սարգսյանին. Ազատամարտիկին երբեք չի կարելի ասել՝ «նվնվացող»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, պատասխանելով 168.am-ի հարցին` «արդյոք Սերժ Սարգսյանն ԵԿՄ այսօրվա համագումարին իր ներկայությամբ ցույց տվեց, որ երկրապահներն իր քաղաքական հենարաններից են», պատասխանեց, թե ինքը մի փոքր այլ տպավորություն ունի:

«Տպավորություն ունեմ, որ այս համագումարը որոշակիորեն ազատամարտիկների համախմբման դեմ է, թե՝ «տեսեք, այստեղ են ազատամարտիկները»: Բայց ես դահլիճում նայում էի և տեսա, որ, չգիտեմ, շատ էին մարդիկ, որ, կարծես թե, ազատամարտի հետ կապ չեն ունեցել: Համոզված եմ` երբ ժողովուրդը նորից ոտքի կանգնի, այդ դահլիճի մեծամասնությունը գալու և միանալու է ժողովրդին,-  նշեց Արմեն Մարտիրոսյանը:- -Իհարկե, ցանկացած պարագայում կցանկանայի որ Հայաստանի բոլոր ազատամարտիկները մեկ կառույցի մեջ լինեին, և այդ կառույցն ամբողջովին պետականամետ, ժողովրդամետ լիներ, բայց ոչ երբեք իշխանամետ»:

Սերժ Սարգսյանն այսօրվա իր ելույթում ասել էր, թե  երկրապահի ձայնը պիտի հնչի խրոխտ, վստահ,  սակայն «ունենք առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կա՛մ շատ բարձրացրեք մեր թոշակները, կա՛մ էլ հեղափոխություն ենք անելու»` ակնարկելով վերջին ամիսներին մի խումբ ազատամարտիկների կողմից Ազատության հրապարակում կազմակերպվող բողոքի ցույցերը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այս մտքին` Արմեն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ կրկնեց, թե Սերժ Սարգսյանի այսօրվա խոսքը նման չէր իր նախկին ելույթներին:

Կարդացեք նաև

«Կարծեք, հավասարակշռությունից դուրս խոսք է: Ինչպե՞ս կարելի է բողոքող ազատամարտիկների մասին ասել «նվնվացողներ»: Չէ՞ որ դրանք այն մարդիկ են, քաղաքացու այն լավագույն մասն է, որը արյուն է թափել հայրենիքի համար և չի վախեցել, և հենց ինքն է պետություն կայացրել, պետություն է ստեղծել: Նմանատիպ անձանց ասել «նվնվացողներ», կարծում եմ, անտեղի խոսք է և նախագահին ոչ վայել խոսք: Ազատամարտիկին  երբեք չի կարելի «նվնվացող» ասել»,-ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:

Արամ Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս