«Հայռուսգազարդի» 20 տոկոսի վաճառքի պայմանագիրը կարող է չեղյալ ճանաչվել
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ԵԿՄ համագումարի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց համագումարի մասնակիցներից մի քանիսի հարցերին: Հարցերից մեկը վերաբերում էր «Հայռուսգազարդ» ընկերությունում Հայաստանի ունեցած 20 տոկոս բաժնեմասի վաճառքին, և դրա առիթով հնչող քննադատությանը:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այդ պայմանագրի քննադատները չեն ուզում ճշմարտությունն ասել, իսկ քննադատությունը ոմանց կատաղության արդյունքն է «որ մեզ հաջողվել է նման պայմանագիր ունենալ»:
Այնուհետև Սերժ Սարգսյանը սկսեց հերթով քննարկել թե ինչում են իրենց մեղադրում: Առաջին մեղադրանքը վերաբերում է պարտք կուտակելու և ստելու մեջ, որ գազը չի թանկանալու: Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ ինքն էլ 2011թ. սկսած հայտարարել է, որ սպառողների համար գազը չի թանկանալու, և այն մինչև 2013թ. չի թանկացել: Սակայն երբ ինքը ասում էր, որ գազը չի թանկանալու սպառողների համար, դա չէր նշանակում, որ գազը չի թանկանալու պետության կամ կազմակերպության համար:
Սերժ Սարգսյանը համարում է, որ 300 միլիոնի դիմաց «Հայռուսգազարդի» 20 տոկոսը տալը հաջողված գործարք էր, քանի որ եթե վաճառել էինք 80 տոկոսը, կարող էինք վաճառել նաև 20-ը, որը Հայաստանին ոչ մի եկամուտ չէր ապահովում,:
Անդրադառնալով այն խնդրին, որ 20 տոկոսը վաճառվել է 150 միլիոնով, և առանց աճուրդի, Սերժ Սարգսյանը հարցրեց, իսկ ինչ կլիներ եթե աճուրդ հայտարարվեր և «պարզվեր, որ 30 միլիոն են տալիս, ո՞նց էինք 150 միլոնով սաղացնելու ռուսների վրա, ով էր դրա համար պատասխան տալու»:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե այդ գործարքը քննադատողներից որևէ մեկը գտնի «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի համար 100 միլիոն դոլար վճարելու պատրաստ գնորդ, ինքը պատրաստ է դիմել խորհրդարանի իր հանրապետական գործընկերներին և խնդրել, որ նրանք չեղյալ հայտարարեն Ռուսաստանի հետ կնքնված պայմանագիրը: