ԱՄՆ-ը մտադիր է հիմնել Արկտիկայի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոն
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը պլանավորել է մոտ ժամանակներս հիմնել Արկտիկայի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոն: Այս մասին նշված է Ալյասկան ներկայացնող սենատոր Մարկ Բեգիչին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հասցեագրած նամակում:
Բեգիչն ու Ալյասկան ներկայացնող ևս մեկ սենատոր Լիսա Մուրկովսկին քանիցս հայտարարել են, որ անհրաժեշտ է հիմնել Արկտիկայի գծով դեսպանի կամ հատուկ ներկայացուցչի պաշտոն: Իր նամակում Քերին նշել է, որ մոտ ժամանակներս ստեղծվելու է Արկտիկայի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոն, որը զբաղեցնելու է բարձրաստիճան մարդ, ով ունի համապատասխան փորձ:
Նամակում ընդգծվում է, որ Արկտիկան պետք է դառնա ամերիկյան դիվանագիտության առավել առաջնահերթ ուղղություններից մեկը: 2015 թվականին ԱՄՆ-ը ռոտացիայի շրջանակներում գլխավորելու է Արկտիկյան խորհուրդը, որի մեջ մտնում է 8 բևեռային երկիր` ներառյալ Ռուսաստանն ու Կանադան: