Անի Գևորգյան. Ինչ-որ մարդկանց կպատժեն միայն այն դեպքում, եթե այդպես որոշի իշխանությունը
Ծառայողական քննության արդյունքները կորոշվեն ոչ թե օբյեկտիվ քննության միջոցով, այլ՝ իշխանությունների հրահանգմամբ: Այս մասին այսօր մարտի մեկի հանրահավաքի իրազեկմանը նվիրված երթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց «Չորրորդ ինքնշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանը, ում փետրվարի 12-ին ոստիկանության բաժանմունքում ապտակել էին:
Անին չի բացառում, որ բարձրացված մեծ աղմուկից հետո «որոշ մարդկանց» կպատժեն: «Այն աղմուկը, որը բարձրացել է ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացնելու, լրագրողի նկատմամբ բռնություն գործելու մասով, կարծում եմ, որ հնարավոր է՝ ինչ-որ մարդկանց պատժեն, բայց միայն այն դեպքում, եթե այդպես որոշի իշխանությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն վարկածին, թե ՀԱԿ ակտիվիստների և ՀՀԿ-ական երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպին հնչել են հայհոյանքներ ընդդիմադիր երիատասարդների կողմից, Անի Գևորգյանը նշեց, թե լսել է, որ գոյություն ունի տեսանյութ, որտեղ հնչում է հայհոյանք, բայց անձամբ այն չի դիտել:
«Անձամբ ես դեպքի վայրում հայհոյանք չեմ լսեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով հայտարարություններին, թե ընդդիմադիր ակտիվիտ աղջիկները այդ օրը ալկոհոլի ազդեցության տակ են եղել, լրագրողը նշեց, թե ինքը նման տեղեկություններ չունի և, լինելով դեպքի վայրում՝ նման պահվածքի ականատես չի եղել:
Անի Գևորգյանը պատմեց, որ ոստիկանները փորձել են իրենից թե դեպքի վայրում, թե ոստիկանական բաժնում խլել տեսախցիկը: «Ոստիկանության բաժնում շարունակեցին խլելու փորձերը, ինչը նրանց չհաջողվեց, բայց հետո, առանց իմ փաստաբանի ներկայության, ինձ ապօրինի խուզարկության ենթարկեցին և իբրև խուզարկության շրջանակներում վերցրեցին տեսախցիկն ու տեսախցիկի հիշողության քարտը, որի վրա էին այդ օրվա բոլոր տեսանկարահանումներս: Առգրաված քարտը մնաց իրենց հսկողության տակ մոտավորապես 1 ժամ, իսկ ազատ արձակելուց հետո վերադարձրին ինձ՝ իրերիս հետ միասին:
Բայց երբ քարտը դրեցի տեսախցիկիս մեջ, այն արդեն չէր աշխատում, գրվում է, որ այն ունի տեխնիկական խնդիր, ուստի իմ բոլոր նկարահանումները կորել են: Փորձում եմ վերականգնել, բայց չգիտեմ՝ որքանով կհաջողվի».- նշեց նա:
Անի Գևորգյանն ասաց, թե ակնկալում է, որ իր հայտարարությունները ընդունվեն որպես հաղորդում հանցագոծության մասին: