Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2014 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելացել է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական կազմակերպություններ:

Չնայած դրան, նկատվում է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերի նվազում: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը: Վերջին շաբաթների ընթացքում հոսպիտալացված հիվանդների մոտ դիտվել է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքի աճ:

Այսպիսով, տարածաշրջանի հարավային երկրներում 80% դեպքերում արձանագրվել է գրիպի Ա(H1N1)pdm09 ենթատեսակը, իսկ արևմտյան հատվածի երկրներում հիվանդների 54% դեպքում դիտվել է գրիպի Ա տեսակի (H3N2) ենթատեսակը:

Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում:

Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում ներկայումս արձանագրվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում` գրիպի Ա տեսակի և՛ H1N1պնդ09, և՛ H3N2 ենթատեսակները: Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Վերջինս պայամանավորված է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ:

Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները: Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.

– խուսափե´ք հիվանդների հետ շփումից

– եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը

– եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ

– հագնվե´ք եղանակին համապատասխան

– պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը

-օգտագործե´ք հնարավորինս շատ

– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս