
Մեզանում միշտ եղել է մեկ կուսակցություն՝ իշխող կուսակցություն

Մենք 1992 թվականից սկսած ունենք միակուսակցական համակարգ. մեզանում միշտ եղել է մեկ կուսակցություն՝ իշխող կուսակցություն: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դիտարկմանը, թե Հայաստանում չկա իշխանությանը հակակշիռ:
«Այսօրվա արտառոց վիճակը, երբ մենք խորհրդարանում ունենք երկրորդ ուժը՝ իր մեծությամբ, դա նույնպես միակուսակցական սիստեմի ագասիք է, որ նախագահը որոշել է իր Հանրապետական ռեսուրսը բաշխի երկու զամբյուղներում: Մենք ասում ենք իբր փորձում ենք ունենալ երկկուսակցական համակարգ, բայց սա մեր բոլորիս ստեղծածն է»,- նշեց նա:
Ալ. Արզումանյանը հորդորեց նաև Հայաստանը չհամեմատել Մայդանի հետ՝ նշելով, թե ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինայում մարդիկ զգացել են ժողովրդավարության հոտն ու համը: «Դա է պատճառը որ գնացքը գնացել է, և Ոուկրաինան անկախ, ժողովրդավարական պետություն է»,- ասաց նա՝ շեշտելով, թե ՌԴ-ն այլևս ապագա չունի: