
Անկարայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Մուսթաֆա Քեմալի զինվորների» նկատմամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի երիտասարդական կազմակերպություններն այսօր բողոքի զանգվածային ակցիաներ են սկսել Անկարայում: Դրանց մասնակիցները հանդես են գալիս «Էրգենեքոն» և «Բալյոզ» գործերի շրջանակներում զինվորականներին կալանքի տակ պահելու դեմ:
Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և պահանջել են ազատ արձակել կալանովրված զինվորականներին: Նրանք վանկարկել են «Մահ կամ ազատություն», «Մենք Մուսթաֆա Քեմալի զինվորներն ենք» և այլ կարգախոսներ: Ոստիկանությունը նրանց ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:
Տեղի դիտորդների կարծիքով՝ Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության դեմ հասունանում է բողոքի նոր ալիք, որն առաջիկայում ուժեղանալու միտում ունի՝ կապված մարտի 30-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների հետ: