
Սուննի զինյալներն Իրաքում քաղաք են գրավել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սուննի զինյալներն այսօր գրավել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս ընկած Սուլեյման-Բեկ քաղաքի կենտրոնական հատվածն ու մի շարք ծայրամասեր: Այս մասին հայտնել են տեղաբնակները:
Նրանց խոսքերով՝ հրաձգային զենքով ու նռնականետերով զինված զինյալները քաղաքի ներսում ու շրջակայքում հարձակվել են բանակային կետերի վրա և ճնշել դրանց դիմադրությունը: Տեղի մզկիթների մինարեթներից քաղաքի բնակիչներին կոչ է արվում թողնել սեփական տներն ու հեռանալ, քանի որ սպասվում է, որ կառավարական զորքերը շուտով կանցնեն հակահարձակման:
Գրավված քաղաքին են մոտեցվում նոր զորքեր, ինչպես նաև մարտական ուղղաթիռներ: Քաղաքի ծայրամասերում արդեն իսկ բախումներ են սկսվել կառավարական զորքերի զինվորների ու զինյալների միջև: Իրավիճակը լարված է:
2014 թվականի հունվարին սուննի զինված աշխարհազորայինները գրավել են Անբար նահանգի խոշորագույն քաղաքները՝ Ֆալուջան ու Ռամադին: Դրանից հետո Բաղդադի իշխանությունը փաստացիորեն չի տարածվում Անբարի վրա, սակայն մասշտաբային ռազմական գործողությունները չեն դադարում: