
Ելույթից հետո ռուս դիվանագետին կանչել են Ուկրաինայի ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը Կիևում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Անդրեյ Վորոբյովին կոչ է արել զերծ մնալ Ուկրաինայի պետական կառուցվածքին գնահատականներ տալուց: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
Նա ընդգծել է, որ ռուս դիվանագետին երեկ կանչել են Ուկրաինայի ԱԳՆ, ուր և հայտնել են, որ անթույլատրելի է Ուկրաինայի պետական կառուցվածքի վերաբերյալ գնահատականներ տալը, հատկապես երբ նման գնահատական է տրվում բարեկամ երկրի դիվանագետի կողմից:
Պերեբիյնիսը հավելել է, որ ռուս դիվանագետի ուշադրությունը հրավիրվել է նաև Ուկրաինայի ներքաղաքական գործընթացներին միջամտելուց խուսափելու և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության վրա: Պերեբիյնիսն ընդգծել է, որ ռուս դիվանագետը խոստովանել է իր արտահայտությունների կոռեկտ չլինելը: