Ինչ կպատասխանի Հայաստանը «Եվրոպական փաթեթին»

Եվրամիության անդամ 13 երկիր հանդես է եկել Արևելյան գործընկերության անդամ պետությունների հետ հարաբերությունները շարունակելուն միտված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը:

Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո սա Եվրոպայի առաջին քայլն է` շարունակելու հարաբերություններն այն պետությունների հետ, որոնք այդպես էլ չասոցացվեցին Եվրամիության հետ: Փաթեթի մանրամասներն առայժմ հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ ներառված դրույթներն օգնելու են վերականգնել Եվրամիության ընդլայնմանն ուղղված քաղաքականությունը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ի պատասխան մեր այն հարցին, թե արդյոք Հայաստանը կկարողանա՞ այս ֆորմատով շարունակել հարաբերությունները Եվրոպահի հետ, թե՞ «Եվրոպական փաթեթն» էլ կարժանանա Ասոցացման համաձայնագրի ճակատագրին, նշեց. «Այո, Եվրոպան չէր սպասում այն քայլերին, որոնք արվեցին Հայաստանի կողմից, բայց ես չեմ մեղադրում Եվրոպային, որովհետև սեպտեմբերի 3-ի կտրուկ շրջադարձը, բնականաբար, շփոթ է առաջացրել ոչ միայն մեզանում, այլև` Եվրոպայում: Կարծում եմ, որ Եվրոպան ինքը մեր առաջ դռները չի փակել, հակառակը, կարծես Հայաստանի իշխանություններն են ուզում դռները փակել Եվրոպայի հետ համագործակցության հարցում»: Ամեն դեպքում, ըստ Ռուբեն Հակոբյանի` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կշարունակվեն, բայց արդեն այլ ֆորմատով:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ համարում է, որ Եվրոպան ցանկություն ունի շարունակել աշխատել Հայաստանի հետ: Մեր հարցին, թե ՀՀ իշխանությունները թույլ կտա՞ն, որպեսզի Հայաստանը բանակցություններ սկսի «Եվրոպական փաթեթի» շուրջ, Զուրաբյանը պատասխանեց. «Մենք մեր գնահատականը տվել ենք, որ ՀՀ իշխանությունները ձախողել են եվրոպական ուղղությունը` ոչ կոմպետենտ, ոչ հետևողական, կոռումպացված քաղաքականության պատճառով: Կարծում եմ, որ Եվրոպական միությունը սրանով ավարտված չի համարում իր հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ և, այնուամենայնիվ, փորձում է համագործակցության ինչ-որ ձևաչափ պահպանել»:

Կարդացեք նաև

Եվրոպան, «բնականաբար», ցանկություն ունի համագործակցել Հայաստանի հետ, իսկ թե նման դեպքում ինչպե՞ս կվարվեն Հայաստանի իշխանությունները, Զուրաբյանը դժվարացավ պատասխանել` նշելով. «ՀՀ իշխանությունների որոշումները թելադրված են ոչ թե Հայաստանի պետական շահով, այլ` այնպիսի ֆակտորներով, որոնք ավելի շատ վերաբերում են նրանց անձնական անվտանգությանը, շահերին. ֆակտորներ, որոնք շատ դժվար հաշվարկելի են»:

ՀՅԴ-ից Արտյուշա Շահբազյանն էլ ասաց, թե «Եվրոպական փաթեթի» մասին կարծիքներ հայտնելը դեռ վաղ է` մանրամասներ չկան, բայց նաև հիշեցրեց, թե իրենք կողմ են, որ Հայաստանը համագործակցի և Եվրոպայի, և Ռուսաստանի հետ: «Մենք կողմ ենք, որ մեր հարաբերություններն ակտիվանան թե Մաքսային միության, թե Եվրամիության հետ, և այլ ուղղություններով` նույնպես: Ես համարում եմ, որ սա ճիշտ է, կապեր կարող են լինել տարբեր ֆորմատներով, բայց չեմ ուզում դատողություն անել մի բանի մասին, որը չեմ կարդացել: Մենք պետք է առավելագույնս անենք, որ հանկարծ միակողմանի կապերով չկաշկանդվենք, պետք է ձգտենք, որ կապերը լինեն բազմակողմ, սա նաև պատմականորեն է այդպես եղել` Հայաստանը դարեր շարունակ փորձել է նման քաղաքականություն վարել»,- նշեց նա:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե Եվրոպայի «դռներն» Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց հետո փակ են Հայաստանի համար, ուստի համագործակցության որևէ ֆորմատ ՀՀ համար այլևս կիրառելի չէ, ՀՅԴ անդամը հակադարձեց` նշելով, որ փաստերն այլ բան են ապացուցում: «Եվրոպան մի պահ շփոթի մեջ հայտնվեց, դժգոհություն եղավ, բայց հասկացան, որ դռները եթե շրխկացնեն, իրենց էլ ձեռնտու չի լինի: Գործընթաց կա` Եվրոպան ամեն կերպ ցույց է տալիս, որ իրենք պատաստ են չխզել մեզ հետ համագործակցության կապերը»,- ասաց Շահբազյանը:

Այլընտրանքային ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, թե փաթեթի բովանդակությանը ծանոթ չէ: Բայց պատասխանելով մեր այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Եվրոպա-Հայաստան համագործակցության շարունակականությունը, ԲՀԿ-ական պատգամավորը ասաց, թե Հայաստանի համար «խիստ անհրաժեշտություն է» Եվրոպական միության, եվրոպական ընտանիքի հետ համագործակցության շարունակականությունը:

«Եվ առաջին հերթին` դրանում շահագրգռված պետք է լինի Հայաստանը, որովհետև դա բխում է ՀՀ շահերից: Ես ողջունում եմ Եվրոպական միության պատրաստակամությունը «Եվրոպական փաթեթի» նախապատրաստման մասով, որն արևելյան կոմպոնենտի երկրներին, այդ թվում` Հայաստանին, ինչը շատ կարևոր է, հնարավորություն կտա շարունակել երկխոսությունը: Մնում է, որ հայկական կողմից համապատասխան մեսիջներ, համապատասխան իմպուլս լինի, որպեսզի Եվրոպական միության համար տեսանելի լինի համագործակցության հեռանկարը, երկխոսության ապագան»,- շեշտեց նա:

Մեր հարցին, թե` այս պահին Հայաստանի կողմից տեսնո՞ւմ եք երկխոսությունը շարունակելու «իմպուլսներ», Զոհրաբյանը պատասխանեց, որ հայտարարությունների մակարդակով, այո, դրանք կան, բայց գործնականում չկա որևէ հստակ մեսիջ, որ Հայաստանը պատրաստ է հստակ ուղղություններով Եվրոպական միության հետ շարունակել երկխոսությունը: «Հայտարարությունների մակարդակով ինչ ասես` կա, բայց գործնականում` հայտարարություններից այն կողմ ես չեմ տեսնում իրական պատրաստակամություն»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս