Հոգեբույժը 2 ժամ զննել է Քյարամ Ամոյանին և ասել, որ նրան չի կարելի մասնակցել դատական նիստին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «բանդայի գործով» դատական նիստը: Դատարան չէր ներկայացել ամբաստանյալներից Քյարամ Ամոյանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ դատարան է ստացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի գրությունը, որով վերջինս հայտնել էր, որ Քյարամ Ամոյանն առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին: Ք. Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանն էլ ասաց, որ հոգեբույժը երկու ժամ զննել է Ք. Ամոյանին և ասել, որ վերջինիս չի կարելի մասնակցել դատական նիստին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ փետրվարի 5-ին դատարանը ստացել է Ք. Ամոյանի շահերի պաշտպանի միջնորդությունը, որով պաշտպանը խնդրել է Ամոյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ պարզելու համար՝ արդյոք նա կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե՞ ոչ:

Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանն առաջարկեց Քյարամ Ամոյանի մասով գործն անջատել, որպեսզի վերջինս բուժում ստանա: Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ ասաց, որ դատական նիստը ևս մեկ անգամ պետք է հետաձգվի, որպեսզի հաջորդ դատական նիստին փորձեն ապահովել Ք. Ամոյանի ներկայությունը:

Դատարանը հաջորդ դատական նիստին կլսի մեղադրողի դիրքորոշումը՝ արդյոք քրեական գործի քննությունը պետք է նորի՞ց սկսվի, թե՞ շարունակվի: Հաջորդ նիստին դատարանը կքննարկի Ք. Ամոյանի պաշտպանի միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս