
Դավութօղլուն անակնկալ այցով մեկնել է Բոսնիա

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ երեկոյան անակնկալ այցով մեկնել է Բոսնիա-Հերցեգովինա, ուր շարունակում են հուզումները և տիրում է լարված իրավիճակ:
Այցի շրջանակներում Դավութօղլուն Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում հանդիպելու է այդ երկրի առաջնորդների հետ և երկկողմ հանդիպումներում քննարկելու է առկա ճգնաժամի կարգավորման ուղիները:
Դավութօղլուն մասնավորապես առանձին հանդիպումներ է ունենալու Բոսնիայի եռակողմ նախագահական խորհրդի նախագահ Ջելիկո Կոմշիչի, դրա բոսնիացի անդամ Բաքիր Իզետբեգովիչի և սերբ անդամ Նեբոյշա Ռադմանովիչի հետ: Դավութօղլուն հանդիպելու է նաև իր բոսնիացի գործընկեր Զլատկո Լագումջիայի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Նշվում է, որ արդեն մի քանի օր է, ինչ Սարաևոյում չեն դադարում բողոքի ակցիաները, և որ ցուցարարներն այրել են 17 հասարակական շենք, այդ թվում նաև նախագահական նստավայրը: