ԵՄ-ը պատրաստ է ամեն կերպ օգնել Ուկրաինային, բայց ոչ միջամտել. Քեթրին Էշթոն
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար, Եվրահանձնաժողովի փոխանախագահ Քեթրին Էշթոնը Բրյուսելում տեղի ունեցած Եվրախորհրդարանի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է օգնել Ուկրաինայում առկա լարվածության նվազեցմանը, սակայն ԵՄ-ը չի միջամտի Ուկրաինայի ներքին գործերին.
«Երբ ես նախորդ շաբաթ վերադարձա Ուկրաինայից, իրավիճակը քիչ ավելի հանգիստ էր: Ինչպե՞ս գտնել իրավիճակի ապաէսկալացիայի ուղին: Մենք առաջարկել ենք փորձ, խորհուրդ, միջնորդություն, ամեն տիպի աջակցություն:
Անդամ երկրները, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովն ունեն փորձագետներ, որոնք կարող են անել ամեն ինչ, իսկ եթե մենք ինչ-որ բան չունենք, ապա կարող ենք գտնել այն: ԵՄ-ը ԵԽ-ի ու ԵԱՀԿ-ի իր գործընկերների հետ կարող է առաջարկել ամեն տիպի օգնություն, և մենք այդ առաջարկն արել ենք հնչեղ ու հստակ»:
Էշթոնն ընդգծել է, որ ԵՄ-ը հակված է չմիջամտելու դիրքորոշմանը. «Մենք ընդդիմության առաջնորդներին, նախագահին, կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանն ասացինք, որ չենք միջամտելու, սակայն ցանկանում ենք օգնել և ամեն ինչ անելու ենք, որ լինի օգտակար, սակայն դա պետք է համաձայնեցված լինի ուկրաինացիների միջև»: