Մկրտչյանների ընտանիքը շարունակում է ապրել բաց երկնքի տակ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ գտնվող Մյասնիկյանի արձանի մոտ բնակություն հաստատած Մկրտչյանների ընտանիքը դեռ չի պատրաստվում տեղի տալ և շարունակում է պայքարել: Ընտանիքն արդեն մոտ 7 ամսի է՝ ապրում է արձանի շրջակայքում գտնվող նստարանների վրա: Նրանք պահանջում են իրենց հետ ուղարկել Ֆրանսիա, որտեղից վերադարձվել են 2010 թվականին: Նրանք պատճառաբանում են, որ Հայաստանում իրենց ստիպում են դառնալ աղանդավոր, և, նրանց խոսքերով՝ պետությունը պաշտպանում և օժանդակում է աղանդավորներին այդ գործում:
Վերջին շրջանում ընտանիքը հրաժարվում էր խոսել լրագրողների հետ և մեկնաբանել իրենց հետագա գործողությունները: 168.am-ի հետ զրույցում ընտանիքի մայրն ասաց, որ իրենք չեն ուզում խոսել, որովհետև իրենց ասածները խեղաթյուրում են և չեն ներկայացնում իրականությունը:
«Իրականությունն այն է, որ այս ամենի հետևում կանգնած է պետությունը: Ես դիմել եմ Կաթողիկոսին, իսկ նա ինձ չի ընդառաջել: Եկեղեցի մտնելուց էլ, իրենց մարդիկ մեզ ասել են, որ պետք է աղանդավոր դառնանք, որ կարողանանք ապրել»,- նշեց ընտանիքի մայրը:
Նա ասաց նաև, որ իրենց Ֆրանսիայից «չեն աքսորել», այլ իրենք իրենց կամքով են եկել Հայաստան. «Բոլորը խաբում են, թե ինձ աքսորել են Ֆրանսիայից, բայց ես իմ կամքով եմ եկել: Ես եկել եմ Հայաստան ապրելու նպատակով, բայց չթողեցին, ասեցին՝ էս երկրում աղանդավորներից բացի, ոչ ոք ձեզ հետ չի խոսի»:
Մեր այն հարցին, թե արդյոք իրենց տանի՞ք չեն առաջարկել, տիկին Մկրտչյանն այսպես պատասխանեց. «Ինձ կացարան են առաջարկել էն ժամանակ, երբ որ ինձ պետք չէր: 7 ամիս ստեղ նստել եմ՝ նոր առաջարկում են: Մարդիկ են առաջարկել, քաղաքապետարանն է առաջարկել, բայց էդ առաջարկը ինձ լրիվ իմ ճանապարհից կքցի: Ես էդ մառոզները տանեմ ու նոր ինձ ասեն՝ արի կացարա՞ն, որ ամբողջ աշխարհին խաբեն, թե՝ տեսեք, կացարան ենք տվել, հարցը լուծե՞լ ենք»:
Նշենք, որ վերջերս tert.am-ը դիմել էր ՀՀ-ում Ֆրասիայի դեսպանատուն՝ ընտանիքի ապագայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Նրանց գրավոր դիմումին ի պատասխան՝ դեսպանատան լրատվական բաժնից պատասխանել են, որ Մկրտչյան ընտանիքի 4 անդամներն ապաստան հայցելու նպատակով 2007թ. սեպտեմբերի 15-ին անօրինական կերպով մեկնել են Ֆրանսիա, որտեղ դատարանը 3 տարի առաջ մերժել է մկրտչյանների ընտանիքի՝ ապաստան խնդրելու հայցը:
Այդ պատճառով նրանց Հայաստան վերադառնալու նպատակով տրամադրվել է 5500 եվրոյի օգնություն: Ընտանիքն իր կամքով վերադարձել է Հայաստան 2010թ. մարտի 8-ին: Պարոն Մկրտչյանը տեղեկացվել է, որ այսուհետ չի կարող ապաստան խնդրելու նոր հայց ներկայացնել:
«Ինչպես իրենց կամքով վերադարձած բոլոր միգրանտների պարագայում, այս ընտանիքի դեպքում էլ Հայ-ֆրանսիական զարգացման հիմնադրամի կողմից 2010 թվականից տարվել է վերաինտեգրման գործընթաց: Այդուհանդերձ, պարոն Աշոտ Մկրտչյանը չի ցանկացել ներգրավվել աշխատանքային գործունեության մեջ:
Դեսպանությունը նաև տեղեկացրել է, որ 5 500 եվրոյի ֆինանսական օգնությունը հնարավոր չէ վերահատկացնել»,- նշված է դեսպանատան պատասխանում:
Մենք խոսեցինք ընտանիքի անդամների հետ հետևյալ հրապարակման մասին, բայց նրանք ասացին, որ իրենց դա չի հետաքրքրում. «Մենք ամեն դեպքում հավատում ենք, որ հասնելու ենք մեր ուզածին: Մենք մինչև վերջ մնալու ենք այստեղ: Աստված մեզ հետ ա»:
Լուսանկարը՝ news.am-ի