«Նորմալ օջախի տղա եմ». մատուցողուհու սպանության մեջ մեղադրող երիտասարդը ցուցմունք տվեց

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանը: Նրա խոսքով՝ ինքը Մ. Հունանյանին ճանաչել է աշխատավայրից, որտեղ աշխատել է որպես խոհարար, իսկ Մ. Հունանյանը՝ որպես մատուցողուհի: Դավիթ Թամրազյանն ասաց, թե տեղեկություն չունի՝ ով է սպանել Մարիամ Հունանյանին: Նա հրաժարվեց պատասխանել դատավոր Դավիթ Բալայանի հարցին՝ արդյոք կասկածներ ունի՞, թե ով է սպանել Մ. Հունանյանին: Ամբաստանյալը հայտնեց, թե չի եղել այն բնակարանում, որտեղ վարձակալությամբ ապրել է Մ. Հունանյանը: Հիշեցնենք, որ հենց այդ բնակարանում է հետագայում հայտնաբերվել Մարիամ Հունանյանի դին:

Տեղեկացնենք, որ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, նրան դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան՝ իբրև անակնկալ նվեր ունի տալու: Նրան խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է»:

Ըստ մեղադրանքի՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, Դավիթ Թամրազյանը հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 դրամի վնաս:

Մեղադրողը դատարանում ամբաստանյալ Դավիթ Թամրազյանց հետաքրքրվեց՝ ինչո՞ւ  չի գնացել և չի ցավակցել Մարիամ Հունանյանի հարազատներին՝ իմանալով, որ Մ. Հունանյանին սպանել են: «Ես Մարիամի ծնողների հետ ծանոթ չեմ եղել, ես չեմ իմացել, թե Մարիամը որտեղ է ապրում»,- ասաց Դ. Թամրազյանը՝ նշելով, որ իմացել է միայն այն բնակարանի հասցեն, որտեղ ապրել է սպանված Մարիամ Հունայանը:

Կարդացեք նաև

Գործով մեղադրողը Դավիթ Թամրազյանից հետաքրքրվեց նաև՝ ինչպե՞ս է անցել նրա մանկությունը, ով է զբաղվել նրա դատիարակությամբ: Դավիթ Թամրազյանն էլ պատասխանեց, որ ինքը «խառը թվերին» Հայաստանում չի եղել, իր մանկությունը նորմալ է անցել:

«Նորմալ օջախի տղա եմ, նորմալ ծնողս ինձ դաստիարակել է»,- ասաց ամբաստանյալը՝ հավելելով, որ իր «ետևից բացասական չեն խոսում», ինքը աշխատել է՝ սկսած 8-րդ դասարանից: Նաև ասաց, թե ինքը կռվարար անձ չէ:

Նախագահող դատավոր Դավիթ Բալայանի հարցին պատասխանելով՝ ամբաստանյալ Դ. Թամրազյանն ասաց, որ ինքը որևէ «սատանիստական» կազմակերպության անդամ չէ և որևէ մեկին չի ասել, թե ինքը նման կազմակերպության անդամ է:

Դ. Թամրազյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները ճիշտ չեն: Ըստ նրա՝ ճիշտ չեն նաև պաշտպանի ներկայությամբ նախաքննության ընթացքում իր տրված ցուցմունքները: Նա հայտարարեց, թե նման ցուցմունքներ տալով՝ ինքը փորձել է պաշտպանվել: Դ. Թամրազյանը դատարանում նաև հայտարարեց, թե ոստիկանության բաժանմունքում  իր նկատմամբ ճնշումներ են եղել, եղել են նաև բռնության ենթարկելու դեպքեր:

Ամբաստանյալը պատմեց, որ ինքն ընկերություն է արել, ինտիմ հարաբերությունների մեջ է եղել Միլենա Միրիջանյանի հետ, ով նույնպես այս գործով վկա է: Դ. Թամրազյանի խոսքով՝ ինքը Մարիամ Հունանյանի հետ ծանոթացել է աշխատավայրում, մեկ անգամ ինտիմ հարաբերություն է ունեցել նրա հետ, որից հետո, ըստ նրա՝ իրենք բաժանվել են, քանի որ իմացել է, որ տղան, ում Մ. Հունանյանը ներկայացրել է որպես իր հորեղբոր որդի, եղել է նրա ընկերը: Դ. Թամրազյանի խոսքով՝ ինքը Մ. Հունանյանին ասել է, որ ինքն ավելորդ է նրա ու նրա ընկերոջ միջև:

Դրանից հետո, աբաստանյալի խոսքով, Մ. Հունանյանը շարունակել է զանգահարել իրեն, ինքն էլ որոշել է նրան ծանոթացնել ընկերուհու՝ Միլենա Միրիջանյանի հետ: Հանդիպման ընթացքում, ըստ նրա, Միլենա Միրիջանյանն ու Մարիամ Հունանյանը վիճել են, պատճառը խանդն է եղել:

Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատարանում պատմեց, որ Մարիամ Հունանյանն իրեն հեռախոսազանգով խնդրել է հանդիպել իր հետ, ինքն էլ որոշել է գնալ Մարիամ Հունանյանի տուն և այնտեղ հանդիպել նրան: Սակայն, ըստ Դ. Թամրազյանի՝ ինքը չի հանդիպել Մ. Հունանյանին, քանի որ նա իրեն տեղեկացրել է, թե իր պլանները փոխվել են:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, որի ընթացքում կշարունակվի ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի հարցաքննությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս