«Գործ ունենք մարդու իրավունքների կոպիտ խախտման հետ»

Հայաստանի Կենտրոնական բանկն օրերս հայտարարություն էր տարածել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մասին Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ: Կենտրոնական բանկը նշել էր, որ Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել:

«Հիմք ընդունելով վերոգրյալը` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` կուտակային բաղադրիչի մասնակիցների` կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն, և հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է»,- նշված էր ԿԲ հայտարարության մեջ: ԿԲ-ն նշել էր նաև, որ օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքներն ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը:

ՍԴ-ի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների կասեցմանն անդրադարձել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: «Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործատուն պետք է կատարի պահում իր աշխատողի աշխատավարձից, սակայն այն չկատարելու դեպքում պատասխանատվության չի ենթարկվում:

Փաստորեն, վճարում կատարելու որոշումը թողնվում է գործատուի հայեցողությանը. գործատուն է որոշում` կատարի՞ այդ փոխանցումը, թե՞ ոչ: ՍԴ որոշումը հստակ սահմանում է, որ վճարում չկատարելը չի առաջացնում որևէ բացասական հետևանք թե՛ գործատուի, թե՛ աշխատողի համար: Նման պայմաններում մենք շատ ենք կարևորում, որ գործատուները վճարման հարցը քննարկեն և համաձայնության գան իրենց աշխատողների հետ, այն է` հնարավորություն տան յուրաքանչյուր աշխատողի ինքնուրույն որոշելու պարտադիր կուտակային վճար կատարելու հարցը:

Կարդացեք նաև

Այսպիսով, քանի որ գործատուն հունվար և փետրվար ամիսների համար վճարում չկատարելու դեպքում չի ենթարկվում որևէ պատասխանատվության, նա կարող է չկատարել համապատասխան վճարումները, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատակիցն ինքն է ցանկանում կատարել այն»,- իր հայտարարության մեջ նշել էր ՄԻՊ գրասենյակը: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ՄԻՊ-ը հակված է այն տարբերակին, որ մարդիկ ստիպված չեն լինի վճարել նախորդ երկու ամիսների չվճարված գումարները, քանի որ դա հակասում է Սահմանադրության նորմին, համաձայն որի` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը (այդ թվում` ՍԴ որոշումները) հետադարձ ուժ չունեն:

Պատասխանելով «168 Ժամի» հարցին՝ որքանո՞վ է ԿԲ հայտարարությունը համապատասխանում Սահմանադրական դատարանի որոշմանը, փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց. «Խնդիրը կայանում է նրանում, որ Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որով ՀՀ քաղաքացիներին հորդորել է իրականացնել պարտադիր կուտակային բաղադրիչով սահմանված վճարումները՝ հստակ արձանագրելով, որ եթե Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում ընդունի, որ այդ օրենքը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, մեր քաղաքացիները հարկադրված կլինեն վճարել հունվար-փետրվար ամիսների կուտակած գումարները: Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, իսկապես ցանկալի և ողջունելի կլիներ, որ մինչև ՍԴ-ի կողմից համապատասխան որոշման ընդունումը Կենտրոնական բանկը սույն գործի վերաբերյալ ձեռնպահ մնար նման հայտարարությամբ հանդես գալուց: Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել մեկ այլ հայտարարության վրա. Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով, որի դիրքորոշումը ես ամբողջությամբ կիսում եմ՝ օրենքի վատթարացման նոր դրույթը չի տարածվելու դրան նախորդող ժամանակահատվածի վրա:

Այսինքն՝ մարդկանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն և չեն կարող տարածվել դրան նախորդող հարաբերությունների վրա: Սահմանադրական դատարանն, իր աշխատակարգային որոշմամբ՝ իսկապես որոշում է ընդունել` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը կասեցնելու վերաբերյալ: Որոշման մեջ հստակ արձանագրվում է, որ, եթե մեր քաղաքացիները չվճարեն, ապա որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու: Ե

ս կարծում եմ՝ այդ առումով Սահմանադրական դատարանի որոշումը հստակ է և միտված է ՀՀ քաղաքացիներին պատասխանատվությունից զերծ պահելու: Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է լինելու Սահմանադրական դատարանի որոշումից»:

Ն. Նորիկյանը բարձրացնում է հետևյալ հարցը. եթե այնուամենայնիվ Սահմանադրական դատարանը վիճարկվող օրենքի դրույթներն ամբողջությամբ հակասահմանադրական ճանաչի, ի՞նչ է կատարվելու այն քաղաքացիների հետ, ովքեր արդեն իսկ կատարել են վճարումները. «Ինչպե՞ս է լինելու վերադարձման մեխանիզմը: Կենտրոնական բանկը, ցավոք սրտի, նման հարցի չի անդրադարձել, այսինքն՝ ներքուստ վստահություն ունենալով, որ այդուհանդերձ Սահմանադրական դատարանը նշված օրենքները հակասահմանադրական չի ճանաչի:

Իսկ սա արդեն մտորումների տեղիք է տալիս, որ Կենտրոնական բանկն իրադարձություններից առաջ արդեն իսկ համոզմունք է ձևավորել իր մոտ, որ ՍԴ-ն, այնուամենայնիվ, այդ օրենքները հակասահմանադրական չի ճանաչելու»:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ արդյոք քաղաքացիներն, ում աշխատավարձից գործատուն սահմանված գումարը փոխանցել է համապատասխան ֆոնդին, կարո՞ղ են դիմել դատարան, և արդյոք դատարանը կարո՞ղ է բավարարել նրանց հայցերը: «Աշխատավարձը հանդիսանում է մարդու սեփականությունը: Փաստորեն, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մարդու կամքից անկախ, ավելին՝ նրա կամքին հակառակ` պետական մարմինը նրա սեփականության մի մասն առանց իրեն հարցնելու` փոխանցում է այլ կազմակերպության: Գործ ունենք մարդու իրավունքների կոպիտ խախտման հետ, բայց հաշվի առնելով այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք, ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, թե ինչպիսի հիմնավորմամբ քաղաքացիները կարող են դիմել դատարան, բայց ինձ համար մի բան պարզ է. քաղաքացիների կամքից անկախ` իրենց սեփականության մի մասը հանդիսացող գումարը պետական մարմինը բռնագանձում և ուղարկում է այդ հաշիվների վրա: Այս պահին չեմ կարող ասել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, բայց այնուամենայնիվ մի բան ակնհայտ է. ցանկալի կլիներ, որ Սահմանադրական դատարանն այսպիսի հարցերի վերաբերյալ հայտներ հստակ դիրքորոշում, որպեսզի տարընթերցումների տեղիք չտար»:

Անդրադառնալով նշված հարցերին՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց. «Հայաստանի ցանկացած քաղաքացի, երբ կարդա Սահմանադրական դատարանի որոշումը, տրամաբանորեն պետք է մտածի, որ քանի դեռ ՍԴ-ն կասեցրել է 76-րդ հոդվածը, մինչև Սահմանադրական դատարանի որոշումը կարող է պարտադիր վճարները չկատարել, այսինքն՝ վճարումները դառնում են հայեցողական: Տրամաբանությունը սա է հուշում:

Այս կապակցությամբ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որ դա մարդկանց վճարելուց չի ազատում, որովհետև, եթե նրանք չվճարեն, և օրենքը հակասահմանադրական չճանաչվի, ապա նրանք պետք է վճարեն ամբողջ գումարը: Առանց խորանալու պատասխանի ճշմարտացիության մեջ՝ ես կուզենայի առաջինը հարց բարձրացնել, թե ինչ գործ ունի Կենտրոնական բանկն այդպիսի հայտարարություն անել:

Չեմ կարծում, որ նա իրավասություն ունի այդպիսի հայտարարություն անելու, մանավանդ` հայտարարության մեջ սպառնալիք կա: Կենտրոնական բանկն իրավասու չէ այդպիսի հայտարարություն անելու, նա, այսպես ասած, որևէ գործադիր օրգան չէ` իրավական մեկնաբանություններ տալու: Ամենակարևոր հարցը սա է: Երկրորդ հարցը՝ արդյոք ճի՞շտ է Կենտրոնական բանկը, թե՞ ոչ: Նորից եթե մենք անդրադառնանք սպառնալիքային մասին, մոտենանք զուտ տրամաբանորեն, ապա այստեղ արդեն կարելի է հղում անել Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որն իրավական առումով լրիվ տրամաբանական է»:

Ավետիք Իշխանյանն ասաց, որ, եթե պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցը չի վճարում գումարը, ապա նրան հետագայում, նույնիսկ, եթե օրենքը հակասահմանադրական չճանաչվի, իրավունք չունեն ստիպելու վճարել նախորդ ամիսների գումարը: Ա. Իշխանյանի խոսքով՝ այն քաղաքացիներն, ում գործատուները գումարները փոխանցել են ֆոնդերին, կարող են դիմել դատարան. «Սակայն ես կասկածում եմ, որ քաղաքացիները կդիմեն դատարան, որովհետև մեծ մասամբ վճարումներ կկատարեն պետական գործատուները, և աշխատողները կզգուշանան բողոքել՝ որքան էլ դժգոհ լինեն: Կարող են վճարել նաև մերձիշխանական գործատուները, որոնց աշխատողները, մեղմ ասած, գրեթե ստրկական վիճակում են գտնվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս