
Ադանայում մեկնարկել է Ռեյհանլըիի պայթյունների գործով դատավարությունը

Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում մեկնարկել է Ռեյհանլըի պայթյունների գործով դատավարությունը: Նախորդ տարվա մայիսի 11-ին Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում գրանցվել էր երկու պայթյուն, ինչի հետևանքով զոհվել էր 52 մարդ:
Տվյալ գործը քննող Ադանայի՝ ծանր հանցագործությունները քննող 10-րդ դատարանի առջև կկանգնի 33 կասկածյալ, այդ թվում նաև երկու սիրիացի: Սիրիայի սահմանի մոտ գտնվող Ռեյհանլըի պայթյունները դարձան վերջին տարիներին Թուրքիայում իրականացված ամենաարյունալի հարձակումը:
Թուրքիայի կառավարությունն այդ պայթյունների կազմակերպման մեջ մեղադրել էր Սիրիայի իշխանություններին, քանի որ Ռեյհանլըն հանդիսանում էր առանցքային կետ սիրիացի փախստականների ու ապստամբների համար:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը միջադեպից քիչ անց հայտարարել էր, որ Ռեյհանլըիի պայթյունները կազմակերպվել են Թուրքիան հարևան երկրի դեմ պատերազմի մեջ ներքաշելու նպատակով:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Ռեյհանլըի պայթյունները կազմակերպել է ձախ ուղղվածություն ունեցող «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն/ճակատ»-ը (DHKP-C):