927 կգ հերոին տեսակի թմրամիջոցի գործով Թուրքիայի քաղաքացին կմնա կալանավորված
Քրեական վերաքննիչ դատարանը այսօր մերժեց առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոցի գործով Թուրքիայի քաղաքացի Օսման Մեջեթի Ուղուրլուի պաշտպանի բողոքը. Թուրքիայի քաղաքացին կմնա կալանավորված:
Հիշեցնենք, որ Օսման Մեջեթի Ուղուրլուն ձերբակալվել էր հունվարի 18-ին: Ավելի վաղ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Պարսկաստանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոց, նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:
Այսօր դատարանում Օսման Մեջեթի Ուղուրլուի պաշտպանը բողոքարկել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 21-ին կայացված որոշումը, որով Օսման Մեջեթի Ուղուրլուն կալանավորվել էր: Հանրային պաշտպան Արտակ Գարոյանը, ով իրականացնում է Օսման Մեթեի Ուղուրլուի պաշտպանությունը, նիստի ավարտից հետո հայտնեց, որ Քրեական դատավարության օրենսգրքում սահմանված են այն հիմնավորումները, որոնք կարող են դրվել կալանավորման որոշման հիմքում. «Որևիցե հիմք ներկայացված չէր: Այդ հիմքով մենք բողոք բերեցինք»:
«Նախաքննության մարմինը հիմնվում էր բացառապես բանավոր ցուցմունքի վրա: Օսման Ուղուրլուն որոշ տվյալներ էր տվել բանավոր ձևով, որը հետագայում արձանագրվում է, ինքը ստորագրում է: Բայց դա կարող էր դիտվել ընդամենը որպես օժանդակ ապացույց: Պետք էր մեղադրյալի ցուցմունքը համակցել այլ հիմնավոր տվյալների հետ, որոնք բերված չէին: Այսինքն՝ մեղադրյալի իրավական կապը բեռի հետ, նրա իրավական կապն ու առնչությունը բեռնատար մեքենայի հետ: Բերված չէր որևէ տվյալ: Հիմնավորված չէր կապը այն ընկերության հետ, որն այդ բեռնատար մեքենայի սեփականատերն էր հանդիսանում:
Պարզվեց, որ բեռնատար մեքենան պատկանում է ինչ-որ ընկերության և որևիցե կապ 21.01.2014թ. առաջին ատյանի դատական նիստի ընթացքում ներկայացված չէր»,- ասաց պաշտպանը:
Նա նշեց, որ քննիչն ու դատախազը կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ Օսման Մեջեթի Ուղուրլուն Հայաստանում բնակության վայր չունի, որ նա փախուստի է դիմել.
«Բայց ինքը իրականում ոչ մի փախուստի չի դիմել, ինքը եկել է, Երևանում ապրել է բաց, բացահայտ հյուրանոցներից մեկում»:
Ա. Գարոյանի խոսքով՝ Օսման Մեջեթի Ուղուրլուն իջևանել է «Կոնգրես» հյուրանոցում, որտեղից էլ նրան ձերբակալել են: Ուղուրլուն այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության՝ կալանավորների համար նախատեսված վայրում:
Արտակ Գարոյանն ասաց, որ նախաքննության մարմնի վերաբերմունքը Թուրքիայի քաղաքացու նկատմամբ լավ է. երկու անգամ միջնորդություն էր ներկայացվել նրա առողջական վիճակի հետ կապված, ինչին «վայրկենական» արձագանքել են:
Եզրափակելով իր խոսքը Ա. Գարոյանն ասաց. «Մեզ մոտ առկա է մի արատավոր երևույթ. որքան մեղադրանքը հնչեղ է, այնքան ժողովրդի աչքերում նա դառնում է մեղավոր»:
Ա. Գարոյանի խոսքով՝ Օսման Մեջեթի Ուղուրլուին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների մաքսանենգության և իրացնելու նպատակով առանձապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար (215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266 3-րդ մասի 2-րդ կետ):
Հավելենք, որ այս գործով ձերբակալվել է նաև բեռնատարի վարորդ, 1953թ. ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին: