
Վերստին հետաձգվել է Ռոուհանիի թուրքական այցը

Time Turk-ի փոխանցմամբ՝ վերստին հետաձգվել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի թուրքական այցը: Ռոուհանին Անկարա պետք է ժամաներ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին, սակայն այն ժամանակ այդ այցը հետաձգվել էր:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Իրանի նախագահ դառնալու առաջին օրերից թուրքական կողմը շարունակ ցանկանում է իր մոտ հյուրընկալել Ռոուհանիին, սակայն այս անգամ էլ ստացվել է վատ նորություն:
Ակնկալվում է, որ այս անգամ Ռոուհանիի թուրքական այցը պետք է տեղի ունենար փետրվարի 20-21-ին, սակայն իրանական կողմը հայտնել է, որ դա տեղի կունենա ավելի ուշ ժամկետում՝ վկայակոչելով Ռոուհանիի աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Նշվում է, որ օրակարգից դուրս է մնացել նաև Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի թուրքական այցը:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբներին թուրքական մամուլը հայտնել էր, որ Ռոուհանին հայտարարել է, որ նախևառաջ Էրդողանը թող գա Թեհրան, իսկ հետո նոր նա կմեկնի Անկարա: Էրդողանն Իրան այցելեց հունվարի վերջին: