Անմեղսունակ կառավարության սինդրոմը

Հարցազրույց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հետ

– Պարոն Խաչատրյան, հայտարարվեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պատճառով հավելյալ գնաճը կլինի ընդամենը 1.5%: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ կանխատեսմանը:

– Ես չգիտեմ, թե ինչքանով են իրենց հաշվարկներն իրական, որովհետև իրավունք ունեմ կասկածելու: Վերջին 2-3 տարվա իրենց հաշվարկներն իրականությանը չեն համապատասխանում` սկսած մակրոտնտեսական ցուցանիշներից, վերջացրած կարևորագույն տնտեսական քաղաքականությանը վերաբերող փաստերով կամ երևույթներով, որ կոչվում են գազի պարտք, Որոտանի ՀԷԿ-ի վաճառք, կամ ՄՄ անդամակցություն: Եթե իմ ձեռքի տակ լիներ իրենց հաշվարկի մեթոդիկան, դա ինձ հնարավորություն կտար ավելի ամբողջական պատասխան տալ, բայց ես իրենց աշխատանքային ոճից ելնելով` կարող եմ ասել, որ 1.5 % հաշվարկն իրականությանը չի համապատասխանում և, եթե դա անմիջական ազդեցությունն է, ապա կողմնակի ազդեցությունն իրենք հաշվի չեն առել:

– Կողմնակի ի՞նչ ազդեցություն կարող է լինել:

Կարդացեք նաև

– Բացի նրանից, որ ՄՄ անդամակցությունը բերելու է որոշակի ապրանքատեսակների գների բարձրացման, դա փաստ է: Հաշվարկված է, որ ՄՄ-ի մաքսային միջին դրույքաչափը 2.5 անգամ ավելի բարձր է, քան Հայաստանինը: ՀՀ-ի դրույքաչափը 2.7 է, նրանցը` 6.2: Սա նշանակում է, որ անպայման պետք է տեղի ունենա գնաճ: Ընդ որում, պարզ է, որ առանձին ապրանքատեսակների գծով դա լինելու է ոչ թե 10-20%, այլ` 40-50%:

Նույնիսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկներում համեմատություն է կատարվում ՀՀ և ՄՄ դրույքաչափերի միջև և, օրինակ, խոզի մսի դրույքաչափը ՄՄ-ում` 50% է, մեզ մոտ` 10% (5 անգամ ավելի), նմանապես թռչնամիսը և այլ ապրանքներ: Այսինքն` այն ապրանքատեսակները, որոնց համար մենք ավելի շատ ենք վճարում, քան ՄՄ-ն, 10% էլ չեն կազմում, իսկ իրենց մաքսատուրքերը մերի համեմատ` բարձր են 60% ապրանքատեսակների դեպքում:

Սրանք մեխանիկական հաշվարկներ են, բայց դրանց ազդեցությունն ինչպիսի՞ն կլինի շուկայի վրա, չեն հաշվարկում: Մենք նաև խնդիր ենք ունենալու տեսականու առումով՝ ներկրվող ապրանքների տեսականին կրճատվելու է, և մեր քաղաքացիները` զուտ շուկայական ընտրության առումով, տուժելու են: Օրինակ՝ ներկայիս 10 և ավելի տեսակի բրնձի փոխարեն` այն ժամանակ կներկրվի 1-2-ը՝ ավելի ձեռնտու պայմաններով: Նույնը վերաբերում է թեթև արդյունաբերության ապրանքներին, որ ներկրվում են հիմնականում Թուրքիայից և Չինաստանից, որոնք համարվում են երրորդ երկրներ:

Բացի գնային թանկացումից, այդ երրորդ երկրներից ներկրվող ապրանքների ծավալները մեր գնողունակության պայմաններում փոքրանալու են, ինչն էլ կհանգեցնի տեսականու փոքրացման: Այս ազդեցությունն իրենք հաշվի չեն առել, և խոսել միայն ընդամենը 1.5% գնաճից` զուտ տնտեսագիտորեն ճիշտ չէ: Իրենք չեն ուզում ամբողջական պատկերը տալ:

Ամբողջական պատկերի մի փոքր վերլուծություն են կատարել Եվրասիական բանկի ներկայացուցիչները, բայց դրա մեջ էլ ամեն ինչը «եթե»-ների վրա է. եթե Իրան-Հայաստան երկաթգիծը կառուցվի, եթե աբխազական երկաթգիծը բացվի, ՀՀ-ի արտահանմանն ուղղված տնտեսությունը զարգանա, դա կբերի մեր տնտեսության ՀՆԱ 3-4.5% աճի: Այսինքն՝ դրանք Գյուլնազ տատի հեքիաթներ են: Այսօրվա իրականության պայմաններում` շրջափակում, տնտեսության զարգացվածության աստիճան (մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն զիջում է ՄՄ երկրներին), առանց լուրջ արտոնությունների ՄՄ մտնելով, որպես քաղաքացի` մենք տուժելու ենք: Ես կասկածում եմ, որ այդ թանկացումը 1.5% կլինի, բայց նույնիսկ դա բարձր է, եթե մեր թիրախը 41.5% է:

Մի ուրիշ հանգամանք էլ կա՝ պետք է հաշվի առնել այն բացասական ազդեցությունը, որ կունենա այսօրվա տնտեսական համակարգը. մենաշնորհների գոյությունն ու ազդեցությունը: Եթե այսօր ներմուծման բնագավառում միջին բիզնեսի ներկայացուցիչներ ներկա են, ապա դա էլ կվերանա: Անհանգստացնում է նաև այն, թե զուտ տնտեսական զարգացման առումով այդ 1.5%-ի հաշվարկն ինչքանով է հաշվառված, ի վերջո, դա պետք է նպաստի տնտեսության զարգացմանը` ներդրումների առումով:

Եթե դա էլ չի լինում, նշանակում է` մենք նոր տեխնոլոգիաների փոխարեն` օգտվելու ենք ՄՄ-ում եղած հին տեխնոլոգիաներից, քանի որ նոր տեխնոլոգիաների կիրառումը լրացուցիչ մաքսերով հարկվելու է: Մենք կրկին խնդրի առաջ ենք կանգնում` ստիպված են լինելու գնել ոչ որակյալ ապրանքներ, ոչ որակյալ ծառայություններ, ոչ որակյալ տեխնոլոգիաներ, բայց նույն գների պայմաններում: Այսինքն` սա չի բերի գնաճի զուտ քանակական առումով, բայց գնաճ կբերի, որովհետև այդ որակը չենք ստանա: Ես հասկանում եմ, թե ինչու են իրենք այդ ոճն ընտրել ու 1.5% են ներկայացնում` ուզում են մարդկանց հանգստացնել, բայց իրականում դա էլ լուրջ խնդիր է:

– Ներկայումս բանակցություններ են ընթանում մի շարք ապրանքների գծով, որ մաքսատուրքերը տարիների ընթացքում քիչ-քիչ փոխվեն: Դա կարո՞ղ ենք համարել լուրջ արտոնություն, ձեռքբերում:

– Ես չեմ համարի լուրջ արտոնություն: Ես ամբողջությամբ կուզեի հասկանալ ՄՄ անդամության առավելությունը: Հավատացնում եմ Ձեզ՝ այսօր այդ առավելությունը չկա: Այն, ինչ ՀՀ-ն արեց սեպտեմբերի 3-ին, ընդունելի չի: Ճիշտը մինչ այդ գոյություն ունեցող համակարգն էր` ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտի` բոլոր երկրների, այդ թվում` ՌԴ-ի հետ, և ԱՀԿ-ի հետ հարաբերությունները` 5-10%-ի մաքսատուրքի սահմաններում ազատ առևտուր աշխարհի երկրներ հետ, և մենք ունեինք շատ արտոնյալ առևտրային հարաբերություններ ԵՄ երկրների հետ:

Մենք պետք է կարողանայինք պահել այս համակարգը, ինչը չարվեց, իսկ հակառակ դեպքում` մնացած բոլոր առավելությունների ու արտոնությունների մասին խոսելը լուրջ չէ: Մի համակարգ մտնել, որի նպատակը ներքին շուկան պաշտպանելն է, ինձ համար սկզբունքորեն ընդունելի չէ: ՀՀ-ն չի կարող փակ տնտեսության պայմաններում պահել զարգացման հեռանկարը:

Գործող ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում մեր անհաջողության պատճառը միայն մենաշնորհների գոյությունն ու այսօրվա քաղաքական ու տնտեսական ոչ մրցակցային համակարգն է: Եթե այդ ամեն ինչը գործեր, մենք հիմա ավելի լավ պայմաններում կգտնվեինք թե՛ կենսամակարդակի, թե՛ կյանքի որակի առումով: Անհանգստությունները կային, և հիմա դրանք հաստատվում են: Իմ նշած խնդիրների կողմնակի ազդեցությունը կանխատեսելն էլ շատ բարդ է, որովհետև տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, և բոլոր խնդիրները մի օր ի հայտ կգան:

Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում այսօր, որի արդյունքում իշխանությունը չի կարողանում որևէ ձևով աճ ապահովել, նախկինում տարիներ շարունակ վարած քաղաքականության բացասական ազդեցությունների արդյունք է: Նույնը սա է լինելու: Մենք կարող ենք բաց թողնել մի լավագույն շանս և հետագայում դժվար թե կարողանանք հետ բերել այն: Մենք այսօր կորցնում ենք մի շատ մեծ առավելություն, որ կոչվում է ԱՀԿ ռեժիմ:

Մենք ունենք պայմանավորվածություններ, որ չեն պահպանվում` ԱՀԿ անդամ երկրները, եթե փոխում են իրենց առևտրային ռեժիմները, օրինակ` կոնկրետ մաքսատուրքը, պետք է 3 ամիս առաջ զգուշացնեն ԱՀԿ-ին: Այս պահին ես տեղեկություն ունեմ, որ դա չի արվել:

– Նշվում է, որ ԱՀԿ-ի հետ նոր բանակցություններ են սկսվելու ՄՄ շրջանակներում, և հույս ունեն, որ ԱՀԿ-ի հետ նոր պայմաններն ավելի լավը կլինեն:

– Դա ինքնիշխան պետության համար անընդունելի մոտեցում է: Այդ պայմանավորվածությունների տերը Հայաստանն է և ոչ թե` ՄՄ-ն: Ես չեմ հավատում, որ նոր պայմաններն ավելի լավը կլինեն: Սա այսօրվա իշխանությանը շատ բնորոշ է` իրենց խնդիրներն ուրիշները լուծեն: Ժամանակին, երբ ԱՀԿ-ին անդամակցում էինք, այդ խնդիրները ՀՀ-ն ինքն է լուծել:

Այսինքն` ԱՀԿ-ն կամ ցանկացած այլ երկիր ՀՀ-ին վերաբերվել է` որպես սուբյեկտի, այսօր վերածվում ենք օբյեկտի: Հիմա մենք ասում ենք` ՄՄ-ի կազմում ենք, եկեք իր հետ հարաբերվեք: Ավելին՝ ԱՀԿ պրակտիկայում չկա դեպք, երբ ինքը մաքսատուրք բարձրացնի, իսկ այսօրվա ՀՀ իշխանությունները դիմելու են միայն այդ հարցով: Նույն ԱՀԿ-ի հետ ՌԴ-ն ունի առանձին գործող պայմանավորվածություններ և որոշակի արտոնություններ` մինչև 2020 թիվը:

Այս ամեն ինչի եզրակացությունն այն է, որ ՀՀ կառավարությունն անմեղսունակ է, կառավարությունն ի վիճակի չէ ՀՀ շահերը պաշտպանելու, ինչի մասին նույնիսկ արդեն իրենք են խոստովանում, և այս կառավարության տնտեսական քաղաքականությունն այս պայմաններում արդեն չի կարող դրական արդյունքի բերել: Իրենք մեզ մեխանիկորեն, արհեստականորեն տանում են մի տեղ, որտեղ մենք որոշումներ չենք կայացնի, ձայնի իրավունք չենք ունենա, ընդամենը կասենք` վերպետական մարմին կա, թող այս հարցերը քննարկի:

Տեսանյութեր

Լրահոս