Ով է իրականում հաղորդում տվել Շահեն Հարությունյանի հետ դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին

Թիվ 139 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ մայոր Հրաչյա Գրիգորյանը news.am-ի հետ զրույցում ներկայցրել է դպրոցում տեղի ունեցածի իրադարձությունների իր տարբերակը: Ինչպես հայտնի է, Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը պնդում է, որ ռազմագիտության դասին մայոր Գրիգորյանը հարվածել է իրեն: Մայոր Գրիգորյանը նշել է, որ Շահեն Հարությունյանը «սարքել է ինքն իր գլխին»՝ համացանցում տեղեկություն տարածելով կատարվածի մասին:

«Ժամը 8-ին մեր տանը նստած էի, ոստիկանությունից թաղայինը զանգեց: Բա, Գրիգորյան, դեպք է պատահել, ասի՝ ի՞նչ դեպք, բա՝ դասարանում ինչ-որ արտակարգ բան ա պատահել: Ես սկզբում ուզեցի թաքցնեմ, բայց դե ոստիկաններից ոչ մեկը չի կարա թաքցնի: Բա համացանցը բացի, տես՝ ինչ ա կատարվում: Ես սկի համացանցի հետ…. մարդ եմ, կամպյուտրի հետ չեմ էլ խաղում, բա դո´ւրս արի, մենք քո հետևից գալիս ենք: Ոստիկանությունը եկել է իմ հետևից, եկել եմ, մտել իրենց կաբինետ, թուղթը հանել ա, ցույց տվել, որ Շահենը հեսա՝ լրիվ, ամեն ինչը գրել ա: Իրանք համացանցը ստուգում են, էդ էրեխեն չի էլ իմացել, որ համացանցը ստուգում են փաստորեն: Ինքը իրա գլխին սարքել ա, աղջիկս: Ինչ գնամ, բողոքեմ, խի ես էրեկվա էրեխեն եմ, գնամ… էդ երեխեն իմ թոռն ա, ես պիտի գնայի իմ թոռից բողոքեի»,- news.am-ի հետ զրույցում ասել է մայոր Գրիգորյանը:

Հիշեցնենք, սակայն, որ Ոստիկանությունը դեպքի առթիվ փետրվարի 5-ին հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված է, որ Հրաչյա Գրիգորյանն է ոստիկանությունում հաղորդում տվել այն մասին, որ Շահեն Հարությունյանն աթոռով հարվածել է իր գլխին:

«Փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1957 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 1999 թ. ծնված Շ. Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին և պատճառել վնասվածք:
Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին և պատճառել ֆիզիկական ցավ»,- տարածած հաղորդարգության մեջ նշել էր ոստիկանությունը:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս