168.am-ի տեղեկությունները հաստատվում են. «Նաիրիտից» կրճատվողներին ծանուցագրեր են ուղարկել
Մոտ 1 ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ «Նաիրիտ» գործարանում կազմվում են աշխատակիցների կրճատման ցուցակներ, և խոսքը ոչ թե հարկադիր պարապուրդի մասին է, այլ աշխատակիցների կրճատման: Բայց «Նաիրիտի» լրատվական բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը հերքել էր, որ գործարանում պատրաստվում են կրճատել աշխատակիցներին և հայտարարել էր, թե «դա ենթադրությունների ոլորտից է»:
Սակայն, ցավոք, մեր տեղեկությունները հաստատվում են. գործարանի աշխատակիցները 168.am-ին հայտնեցին, որ «Նաիրիտում» կրճատվողներին ծանուցագրեր են ուղարկել, որ նրանք ապրիլ ամսից այլևս չեն աշխատելու, նաև նշեցին, որ գործարանում կրճատման նոր ցուցակներ են կազմում: Կրճատվողների այս խումբը հիմնականում շինարարներ են, բայց, ինչպես ասում են, սա գարնան առաջին ծաղիկներն են:
Ընդ որում՝ այս տարվա հունվար ամսից անգամ սննդի կտրոններն են վերացրել: Նշենք, ներկայումս գործարանում կա 2437 աշխատակից, որից մոտ 670-ն անընդհատ աշխատող են, մյուսները՝ հարկադիր պարապուրդում: