Ինչ են անելու ՀՅԴ-ական դեսպանները, երբ հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացվեն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր, թե Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները:
ՀՅԴ-ն, որը տարիներ շարունակ հայտարարում է, թե դեմ է հայ-թուրքական արձանագրություններին՝ պահանջելով, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը այդ փաստաթղթից, որի պատճառով էլ, ի վերջո, լքեց իշխանական կոալիցիան, ինչպե՞ս է վարվելու այս պարագայում, երբ արդեն բարձր դիվանագիտական պաշտոններ ունի: Հիշեցնենք, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան, իսկ Հրայր Կարապետյանն էլ՝ Սանկտ Պետերբուրգում՝ հյուպատոս:
168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են վարվելու Վ. Հովհաննիսյանն ու Հ. Կարապետյանը, երբ «վերակենդանան» այդ արձանագրությունները, արդյոք պատրա՞ստ են հանուն դրա նրանք հրաժարական տալ:
Ի պատասխան Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ Ս. Սարգսյանն իր խոսքում օգտագործել է «առանց նախապայմանների» արտահայտությունը, ինչը փոխում է հարցի էությունը: «Այդտեղ բանալի հայտարարությունը «առանց նախապայմանների»-ն է: Դա նշանակում է վավերացնել վերապահումներով, իսկ դրա մասին մենք վաղուց ենք խոսել: Իսկ նրա համար, որ «առանց նախապայմանների» լինի, պետք է արձանագրությունները վավերացվեն վերապահումով: Սրա մասին խոսել ենք, տեքստն էլ պատրաստել ենք: Այնպես որ՝ ամեն ինչ ասված է. և եթե այս ճանապարհով են ուզում ընդունել արձանագրությունները, մենք դրան դեմ չենք»,- մանրամասնեց Ա. Ռուստամյանը: