
Պենտագոնի ղեկավարը մոտ ժամանակներս կայցելի Թուրքիա

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ցամաքայինզորքերի շտաբի պետ Ռայմոնդ Օդիերնոն փետրվարի 5-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ: Իր թուրքական այցի շրջանակներում ամերիկացի գեներալը հանդիպել է նաև Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Հուլուսի Աքարի հետ:
Բացի այդ, Օդիերնոն այցելել է Իզմիր, ուր գտնվում է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարական շտաբը: Այս մասին հայտարարել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը: Այցի ժամանակ Օդիերնոն հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի հուսալի դաշնակից է և տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է:
Միևնույն ժամանակ հետաձգվել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի թուրքական այցը, որի պատճառն առայժմ անհայտ է: Հեյգելը հույս է հայտնել, որ այդ այցը տեղի կունենա մոտ ապագայում: Հեյգելը պետք է Թուրքիա ժամաներ հունվարի 27-ին՝ իր եվրոպական շրջագայության շրջանակներում: