Բաժիններ՝

Ռուսական կողմը հերքել է Սոչիի հյուրանոցային համարներում օտարազգիներին լրտեսելը

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Սոչիի օլիմպիական խաղերի հյուրերի նկատմամբ հյուրանոցներում իրականացվում է տեսադիտարկում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը՝ պատասխանելով օտար լրագրողների հարցերին, որոնք բողոքել են, որ Սոչիի օլիմպիական ենթակառուցվածքները պատրաստ չեն հյուրեր ընդունելուն: Փոխվարչապետի խոսքերով՝ հակառակուսական տրամադրությամբ մի շարք արևմտյան լրագրողներ միտումնավոր փորձում են խափանել Սոչիի մեծ նորամուտը:

Որպես օրինակ՝ Կոզակը մեջբերել է. «Մենք ունենք տեսախցիկների ձայնագրություններ, որոնցում երևում է, որ հյուրերը բացում են (լոգասենյակի) ցնցուղի ջուրը, ջրի հոսքն ուղղում են պատին, իսկ հետո ողջ օրը լքում են սենյակը»:

Երբ լրագրողները փորձել են ավելի մանրամասն հարցնել նրան հյուրանոցներում օտարազգիներին հետևելու մասին, Դմիտրի Կոզակը շտապել է ավարտել մամուլի ասուլիսը:

Ավելի ուշ Կոզակի մամլո քարտուղարը հայտարարել է, որ հյուրանոցային համարներում ու լոգասենյակում չի իրականացվում տեսադիտարկում, և որ խոսքը գնացել է շինարարության ու մաքրման աշխատանքների կատարման ժամանակ իրականացված դիտարկման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս