Սոչիում տեղի է ունեցել Պուտինի ու Էրդողանի հանդիպումը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպման ժամանակ Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Սոչիում օլիմպիական խաղերի անցկացմանը նախապատրաստվելու ժամանակ թուրքական շինարարական ընկերությունների ցուցաբերած օժանդակության համար:
Պուտինն ընդգծել է, որ իրենք մեծապես գոհ են թուրք շինարարների կատարած աշխատանքից և նրանց պրոֆեսիոնալ մակարդակից՝ հավելելով, որ այդ իմաստով Սոչիի օլիմպիական խաղերն իրենց ընդհանուր օլիմպիադան են: Պուտինի խոսքերով՝ Թուրքիայի շինարարական ընկերությունները 1990-ական թվականների սկզբներից Ռուսաստանի տարածքում կատարել են 50 միլիարդ դոլարի պատվերներ:
Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ հետևել է Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման նախապատրաստական գործընթացին՝ հույս հայտնելով, որ թուրքական շինարարական ընկերությունները մեծապես կներգրավվեն նաև 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության անցկացման նախապատրաստական գործընթացում:
Պուտինի խոսքերով՝ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են այլ ոլորտներում. «Ճիշտ է՝ նախորդ տարի որոշակիորեն կրճատվել է ապրանքաշրջանառությունը»: Էրդողանը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի հետ բերել կորուստը: Պուտինն ընդգծել է, որ օլիմպիական խաղերի ժամանակ իրենք երկրպագելու են նաև թուրք մարզիկներին:
Էրդողանի ու Պուտինի հանդիպմանը Թուրքիայի կողմից մասնակցել են նաև արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը և սպորտի ու երիտասարդության նախարար Չաղաթայ Քըլըչը: