
Ադրբեջանը ԲԹԿ-ի համար Շվեյցարիայից կգնի մարդատար վագոններ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը պալանավորել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու (ԲԹԿ) համար Շվեյցարիայից գնել մարդատար վագոններ: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության փոխնախագահ Գուրբան Նազիրովը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք արդեն իսկ տվյալ հարցի շուրջ բանակցություններ են անցկացրել շվեյցարական Stadler ընկերության հետ. «Ներկայումս Stadler-ի հետ մշակում ենք տեխնիկական փաստաթղթերն ու նախագծերը: Մեր նպատակն այս տարի նախագիծն ամբողջովին վերջացնելն է»:
Նազիրովը մանրամասնել է, որ իրենք պլանավորել են այս տարի Stadler-ից գնել 30 մարդատար վագոն, և որ այդ նպատակով 2014 թվականի պետբյուջեից հատկացվել է 30 միլիոն մանաթ (1 մանաթը հավասար է մոտավորապես 1 եվրոյի):
Նազիրովը հավելել է, որ հետագայում այդ ընկերությունը սկսելու է այդպիսի վագոններ արտադրել Գյանջայում (Գանձակ): Դրանք նույնպես նախատեսված կլինեն ԲԹԿ-ի համար, որի շահագործումը պլանավորված է այս տարեվերջին: