
Կենսաթոշակային բարեփոխումները կապիտալի շուկայի զարգացման խթան կդառնան. ԿԲ նախագահ

Ծաղկաձորում այսօր մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովը, որը կազմակերպել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ), ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և ՀՀ Կենտրոնական բանկը:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց, որ համաժողովին ներկա են տարբեր երկրների ներդրողներ և վրացի գործարարներ, ինչը ցույց է տալի միջոցառման տարածաշրջանային նշանակությունը: Նա նշեց, որ ֆինանսական համակարգի կայուն զարգացումը և դիվերսիֆիկացիան ԿԲ ռազմավարության առանցքային ուղղությունն են ու նշված նպատակին հասնելու կարևորագույն նախապայման է զարգացած կապիտալի շուկայի առկայությունը երկրում:
Ըստ Ա.Ջավադյանի՝ լուրջ առաջընթաց կա ինստիտուցիոնալ և շուկայական ենթակառուցվածքների զարգացման հարցում, ԿԲ-ն աջակցում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիային և Կենտրոնական դեպոզիտարիային՝ ենթակառուցվածքներն ուժեղացնելու գործում, ԿԲ-ն ՀՀ է հրավիրել վարկանիշով մի քանի գործակալությունների, համագործակցության առաջարկ է ստացել Fitch գործակալությունից:
Ա.Ջավադյանի կարծիքով՝ վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ կենսաթոշակային բարեփոխումները, կապիտալի շուկայի զարգացման խթան կդառնանան. «ՀՀ են եկել միջազգային հեղինակավոր ընկերություններ, որոնք նոր մշակույթ են բերելու և կնպաստեն վստահության ամրապնդմանը: Կարևոր է միջազգային ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի մուտքը հայկական կապիտալի շուկա, տեղի ունեցան դրամով առաջին տեղաբաշխումները: Դա կնպաստի, որ ընկերությունները կապիտալի շուկան դիտարկեն որպես ներդրումների ներգրավման այլընտրանքային աղբյուր»: