Ավստրալիայի Թասմանիա կղզում հայտնաբերվել է գիտությանն անհայտ խոշոր մեդուզայի տեսակ
Ավստրալական The Sydney Morning Herald պարբերականի փոխանցմամբ՝ ավստրալական Թասմանիա կղզու բնակիչ Ջոզի Լիմը և նրա երեխաները լողափին հայտնաբերել են խոշոր մեդուզա, որի տրամագիծը գերազանցել է մեկուկես մետրը:
Լիմը լուսանկարել է մեդուզային և նկարները հանձնել է գիտնականներին, որոնք, սակայն, չեն կարողացել որոշել ծովային այդ կենդանու տեսակը: Գիտությանը դեռևս անհայտ այդ էակի հետազոտմամբ սկսել է զբաղվել ավստրալական CSIRO հետազոտական կենտրոնի դոկտոր Լիզա Էնն Գերշվինը:
Գերշվինը պատրաստվում է ապացուցել, որ հայտնաբերվել է միանգամից երեք տեսակ, որոնք թեև թունավոր են, սակայն, հազիվ թե, կարող են մահացու վտանգ ներկայացնել մարդու համար: Նա արդեն իսկ անավանակոչել է այդ տեսակները, սակայն անունները դեռ գաղտնի է պահում:
Ցայժմ ամենամեծ մեդուզաներ են համարվում Cyanea capillata-ները, որոնք բնակվում են Արկտիկայում, Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների հյուսիսային հատվածներում:
Նշվում է, որ վերջին տարիներին Թասմանիայի ջրերում մի քանի անգամ հայտնաբերվել են խոշոր մեդուզաներ: Գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել տաք ջրերում մեդուզաների ներկայությունը: