Սիրիայի մարտերին մասնակցում է ավելի քան 60.000 օտարազգի զինյալ. Al-Hayat
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով արաբական Al-Hayat թերթը, հայտնում է, որ Սիրիայում ընթացող մարտերին մասնակցում է ավելի քան 60.000 օտարազգի զինյալ, որոնք հանդես են գալիս ինչպես նախագահ Բաշար Ասադի, այնպես էլ զինված ընդդիմության կողմից:
Այս մասին թերթին հայտնել են նրա աղբյուրները, որոնց տվյալներով՝ օտարազգի զինյալների մեծ մասը՝ մոտ 40.000 մարդ, հանդես է գալիս Ասադի ուժերի կողմից: Աղբյուրի խոսքերով՝ խոսքը հիմնականում գնում է շիա զինյալների մասին, որոնք ներկայացնում են Իրանը, Իրաքը, Լիբանանը, Եմենը, Աֆղանստանը, Ադրբեջանն ու Պակիստանը: Նշվում է, որ նրանց մեծ մասը մարտական պատրաստություն է անցել Իրանում՝ «Ալ-Քուդս» բրիգադի զորավարժարանում:
Ասադի դեմ հիմնականում հանդես են գալիս սուննի զինյալները, որոնք ներկայացնում են Լիբիան, Թունիսը, Ալժիրը, Մարոկկոն: Բացի այդ, կան նաև եվրոպական երկրները ներկայացնող 5000 զինյալներ: Ընդհանուր առմամբ՝ զինված ընդդիմության կողմից հանդես է գալիս մոտ 20.000 օտարազգի զինյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված ընդդիմության կողմից Սիրիայի մարտերին մասնակցում է 100.000 վարձկան: