
Շվեյցարիայում անցկացվելու է ԵՄ-ից ներգաղթի սահմանափակման վերաբերյալ հանրաքվե

Frankfurter Allgemeine Zeitung թերթի փոխանցմամբ՝ փետրվարի 9-ին Շվեյցարիայում անցկացվելու է ներգաղթի սահմանափակման վերաբերյալ հանրաքվե: Դա նախաձեռնել է աջակողմյան Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը (SVP):
Քաղաքացիները պետք է քվեարկեն երկիր մուտք գործելու համար օտարազգիներին տրվող քվոտաների շուրջ: Ընդ որում, SVP-ն առաջարկում է տարբերություն չդնել Մերձավոր Արևելքի ու ԵՄ-ի փախստականների միջև: Ցայժմ ԵՄ-ի բնակիչներն ազատորեն կարողացել են մուտք գործել Շվեյցարիա՝ այնտեղ աշխատելու համար:
ԵՄ-ի քաղաքացիները կազմում են Շվեյցարիա ժամանողների 2/3-ը: Սոցիոլոգիական վերջին հարցումները վկայում են, որ SVP-ի նախաձեռնությանն աջակցում է բնակչության 37-43 տոկոսը, իսկ մի շարք շրջաններում՝ բնակիչների կեսից ավելին:
Ներկայումս Շվեյցարիայում բնակվում է մոտ 8 միլիոն մարդ: Որոշ գնահատականներով՝ եթե չլիներ ներգաղթը, ապա երկրի բնակչության քանակը կմնար 1970 թվականի մակարդակի վրա՝ 5 միլիոն մարդ: