Կիևում ստեղծվել է Հակաֆաշիստական ժողովրդական ճակատ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևում երեկ ստեղծվել է Հակաֆաշիստական ժողովրդական ճակատ՝ ազգայնամոլ-ծայրահեղականներից քաղաքացիներին պաշտպանելու և հասարակական կարգն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Կոմունիստական Կուսակցության կիևյան քաղաքային կոմիտեի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հերոս քաղաք Կիևի Հակաֆաշիստական ժողովրդական ճակատը նպատակադրվել է դիմակայել երկրում ֆաշիզմի տարածման բոլոր փորձերին, քաղաքացիներին պաշտպանել ծայրահեղականների ոտնձգություններից, քաղաքում ապահովել հասարակակն կարգ և այլն:
Հակաֆաշիստական ժողովրդական ճակատի տարածած հայտարարության մեջ նշված է, որ արդեն երկու ամսից ավելի է, ինչ երկրում ընթանում է «հակասահմանադրական ֆաշիստական խռովություն»:
Ընդգծվում է, որ «Մայդանը», որը մեկնարկել էր որպես խաղաղ հավաք, շատ արագ վերածվել է ուժային դիմակայության, դրանում գերակայող դիրք են գրավել ծայրահեղական ուժերը, որոնք իրականացրել են վանդալիզմի ակտեր և կազմակերպել են արյունալի բախումներ իրավապահների հետ՝ Կիևի կենտրոնը վերջնականապես վերածելով ավերակների:
Հակաֆաշիստական ժողովրդական ճակատի մեջ են մտել հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց միավորում է իրենց երկրում ֆաշիստական խռովության վերահաս վտանգի դեմ պայքարը: Հակաֆաշիստական ժողովրդական ճակատի Կոորդինացիոն խորհրդի ղեկավար է ընտրվել Ամար Ալ-Աննին: